Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ու երկու աշխատակցի հետ կապված «դիալիզի» գործում 2 «փաստ» կա՝ ՊՎԾ նախկին աշխատակից Սամվել Ադյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։
Հարցին՝ ըստ մեղադրական եզրակացության ասվում է, որ երբ Արսեն Թորոսյանը զանգահարել, ասել է՝ Դուք տեղյակ եք, որ էսինչ բանն է կատարվում, դուք պատասխանել եք՝ այո, իմ աշխատողի ընկերությունն է, եղել է նմանատիպ բան, Սանասարյանն ասաց․
«Չի եղել այդպիսի բան։ Չգիտեմ՝ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, հակառակը՝ Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին, իմ աշխատակիցն ասել է, որ կապ չունի այդ ընկերության հետ, թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանը իրականություն է փոփոխում, էլ չգիտեմ»։
Սանասարյանն ասաց՝ իր դեմ ցուցմունքներ են կորզել․ «Այս գործում կա երկու «փաստ», երկուսն էլ ցուցմունք է՝ Սամվել Ադյանի ու Արսեն Թորոսյանի ցուցմունքները, այլ փաստ չկա»։
Նա ասեց, որ գիտի, թե ինչ պայմաններում են ցուցմունք քաշել, բայց չուզեց ներկա պահին հանրայնացնել։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.