Փակեք հակահայ քարոզչության բերանը. Ռուսաստանի Դաշնության դեսպանը՝ Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրանյանին

Մինչ Հայաստանում ՌԴ դեսպանը մտահոգություն է հայտնում ազգային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ, ռուսական ԶԼՄ-ներում շարունակվում է հակահայ անզուսպ քարոզչությունը, Մոսկվա-Բաքու ամուր հիմքով: Ընդ որում, այդ քարոզչությունը շատ հաճախ կրում է ռասիստական, ֆաշիստական բնույթ, ինչը առավել եւս նշվում է Ռուսաստանի պետական քարոզչության այժմյան հակաֆաշիստական ուղղվածության ֆոնին:

Օրինակ, ռուսական Նեզավիսիմայա գազետան հրապարակել է մի ադրբեջանցու հոդված Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Մի կողմ թողնելով մերձկասպյան արեւմուտքի թուրքերի ավանդական կեղծիքներն և ստերը, անհրաժեշտ է արձանագրել երկու հանգամանք՝ դա տարածվում է «եղբայրական-ռազմավարական դաշնակցի» լրատվամիջոցով, ու երկրորդ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածում սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք ատելություն են սերմանում կամ նվաստացնում են մարդկանց կամ մարդկանց խմբին՝ պայմանավորված վերջիններիս ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելությամբ ու կատարվել են զանգվածային լրատվական միջոցների կամ համացանցի միջոցով, պատժվում է տուգանքով՝ 300-600 հազար ռուբլով կամ ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

1 տարի առաջ հայկական բազմաթիվ կայքեր արգելափակվեցին Ռուսաստանում, այն բանից անց, երբ ՌԴ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, դիմել էր դատարան՝ իրեն վերաբերվող հոդվածները, մասնավորապես՝ որ նա ուներ հայկական դիվանագիտական անձնագիր, հեռացնելու պահանջով: Նա դատարանին հայտնել էր, որ վիրավորված է այդ հոդվածներից: Այնուհետև խնդիրը կարծես թե կարգավորվեց, բայց անցյալ տարվա դեկտեմբերից մասնավորապես Լրագիրը նորից արգելափակվել է Ռուսաստանի տարածքում, այդպիսի պատճառաբանությամբ:

Ռուբեն Թաթուլյանը կդիմի՞ դատարան, նա վիրավորվա՞ծ է ռուսական թերթում հակահայ ռասիստական հոդվածից: Գուցե, այս հարցը պետք է ուղղել նախեւառաջ ռուսական պետական պրոպագանդայի առանցքային դեմքերից մեկին՝ Մարգարիտա Սիմոնյանին, ով խիստ մտահոգված է Հայաստանով, դատելով նրա սոցցանցային գրառումներից: Հարցը պետք է ուղղել նույնպես մեկ ուրիշ նշանավոր ռուսահայի՝ Անդրանիկ Միհրանյանին, ով ևս մտահոգ է Հայաստանով, այն աստիճան, որ նախորդ նախագահների դատավարության կապակցությամբ ասել էր, թե ամաչում է, որ հայ է: Պետք է մտածել, որ նրանց այդ մտահոգությունը կտարածվի նույնպես հակահայ քարոզչության պարագային:

Ավելին, նրանք այդպիսով կարող են օգնել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին, ով անկասկած տարբերվում է իր նախորդներից ու անկեղծորեն մտահոգված է հայ-ռուսական եղբայրությամբ, բայց մենակ է մնացել իր փափուկ ուժի առաքելության մեջ՝ ռուսական մեդիայի բռի հարվածների շնորհիվ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *