Բանակի գործող սպա, կապիտան Սերգեյ Համբարյանը արդեն հինգ տարի է պայքարում է երկու որդիներին բուժելու նպատակով:
Երեկ` փետրվարի 29-ին, «Սոցիալական շարժման» համագումարի ժամանակ իր ելույթում սպան հայտարարեց, որ 2 որդիները տառապում են վաղաժամ սեռական հասունացում հիվանդությամբ:
«Շուրջ հինգ տարի է, սկսած հին Կառավարությունից, վերջացրած այս Կառավարությունով ութսունից ավել նամակներ եմ ուղարկել: Ոչ մեկ ինձ ոչ մի աջակցություն չի տալիս, պետությունն էլ չի հատկացնում այդ դեղորայքը, որ իմ երեխաները այդ դեղորայքից օգտվեն:
Այդ դեղորայքի ամեն մի ասեղը կազմում է երկու հարյուր հիսուն հազար դրամ, իսկ իմ աշխատավարձը կազմում է երկու հարյուր յոթանասուն հազար դրամ, շուրջ տասնյոթ միլիոն դրամ վարկի տակ եմ մտել, արդեն 50/50 աշխատավարձս պահում է հարկադիրը, երեխաներիս տանեմ քուչեն պահե՞մ, խնդրում եմ, մեղք են երեխաներս:
Ես ներկա գործող սպա եմ, չունեմ ոչ մի վախ, ես պայքարում եմ իմ երեխաների առողջության համար, որպեսզի առողջ պաշտպաններ տամ պետությանը»,-ասաց նա:
Սպան աջակցություն խնդրեց բոլորից, խոսքն ուղղեց վարչապետին եւ նախագահին` խնդրելով ուշադրություն դարձնեն իր խնդրին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում երեկ` փետրվարի 29-ին, անցկացվում է Սոցիալական շարժման երկրորդ ընդլայնված համաժողովը:
Համաժողովին մասնակցում են 20-ից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։