Շտապ! Հոսպիտալացվել է Միլանից Երևան եկած մեկ ուղևոր. Մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ մարդու վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն, գրում է Azatutyun.am-ը:

«Մեր մյուս երեսունմեկ քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս տասներկու օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն 2 անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այս պահին փետրվարի քսանութի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները:

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ վաթսունինը ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած 1 ուղևոր հոսպիտալացվել է, որովհետև մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել. — «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել. — «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»:

Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ հարյուր երեսունհինգ քաղաքացի արդեն թեստավորվել է, ու 1 բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով:

Հրայր Վարդանյանը պատմեց, որ ջերմաչափվել-ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը խուճապ չկա. — «Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, սակայնց մենք ստուգված ենք լրիվ»: Մյուս ուղևորներն էլ նույն պատկերն են նկարագրում. — «Խուճապ չկա, մարդիկ աշխատում են, դուրս են գալիս: Իմ ամուսինն այնտեղ տաքսի է քշում և մարդկանց հետ շփվում է, ոչ մի տեսակի վախ, տագնապ չկա»:

«Զգուշություն, ձեռքերը լվանալ, ինչպես ասում են, հեռավորություն, ոչ մի բան չկա», — պատմեց եկածներից մեկը: Մյուսն էլ հավելեց. — «Այստեղ ավելի խուճապ է, սաղ լուրջ դեմքերով լուրջ գործի վրա են»: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ երկընտրանքի առաջ են՝ էժան տոմսեր են գնել ու չգիտեն մեկնել Իտալիա, թե ոչ. տեսակետները զանազան են. — «Խուճապ չկար, սակայն գնալն ամեն մեկի ընտրությունն է»: 1 ուրիշ ժամանած էլ նշեց. — «Ավելի լավ է՝ չգնան»:

Ի դեպ, վարակի կանխարգելման կանոններից չհամբուրվելու հորդորը «Զվարթնոցում» չէր գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *