Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատվել:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն սրանք նոր դեպքեր չեն, այլ երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող անձինք են: Էջմիածինցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են: Նրանք 3-ն էլ նույն քաղաքի՝ Էջմիածնի բնակիչներ են, և ըստ էության ամենասերտ շփում ունեցող մարդիկ են»,- ասել է վարչապետը:
«Իմ խնդրանքը հետևյալն է. պահպանենք հանդարտությունը և այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված: Սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ բարձր է:
Եվ անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում՝ իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ և այդպիսով շփվում են իրենց հարազատների հետ՝ վտանգի տակ դնելով նաև նրանց առողջությունը: Կորոնավիրուսի կանխարգելման ամենամեծ գործոնը մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով. «Վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։
Խորհրդակցությունների արդյունքում եթե անհրաժեշտություն լինի, ապա ուրիշ միջոցառումների վերաբերյալ կհայտարարենք»,- ասաց վարչապետը և ևս 1 անգամ շեշտեց հետևել հիգիենայի կանոններին. «Մենք պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը մեր հետ պայքարում շանս չունի: Մենք իհարկե կհաղթենք կորոնավիրուսին»:
Հիշեցնենք, որ նախօրեին երեք քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած հիսունյոթ անձ մեկուսացվել է։ Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է վեցի: