ԿԱՐԱՆՏԻՆ. ՕՐ1. Սրանք աչքիս գրիպ են, հա՞. Խի՞ եք սրանց բերել, մեր հետ նստացրել բա. Բլոգեր Արփի Բեկարյանի գրառումը, ով հիմա գտնվում է Կարանտինի մեջ

Բլոգեր Արփի Բեկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Առավոտյան լույսը չբացված Աթենք-Երևան թռիչով իջանք Զվարթնոց։ Ինքնաթիռի պատուհանից էն կողմ scy-fi ֆիլմի կադր էր լրիվ՝ երկու շտապօգնության մեքենա և մի քանի դիմակավոր բժիշկներ՝ ուղիղ ինքնաթիռի առաջ կանգնած։

Օդանավակայան չհասանք․ մինչև ինքնաթիռի դռները բացելը և մարդկանց դուրս թողնելը մեր անունները բարձր կարդացին և խնդրեցին, որ բոլոր ուղևորները սպասեն, մինչև մենք դուրս գանք։ Փաստորեն ֆիլմը մեզ համար էր կազմակերպված։ Երևանից Հռոմ էինք թռել և մեր ճամփորդությունը սկսվել էր Հռոմի երկու օդանավակայաններում մի քանի ժամ սպասելով։

Դեռ 1 շաբաթ առաջ յոթս էլ որոշել էինք՝ գալիս ենք Հայաստան ու 14 օր ինքնամեկուսանանք, հնարավորության դեպքում անգամ տանեցիների հետ չշփվենք՝ գոնե մինչև Հռոմի օդանավակայաններում գլորած օրվանից 14 օր անցնի։ Աթենքում արդեն, նորությունները կարդալով, զգում էինք, որ բանը գուցե մեր ինքնամեկուսանալուն չհասնի։

Երբ ինքնաթիռի մեջ մեր անունները կարդացին, մի կին, ով ողջ թռիչքի ընթացքում հազից խեղդվում էր (և դա անում էր շատ փնթի ձևով), սկսեց ողփ ինքնաթիռով մեկ գոռալ․
— Սրանք աչքիս գրիպ են, հա՞։ Հիվա՞նդ են սրանք։ Խի՞ եք սրանց բերել, մեր հետ նստացրել բա։
Մի տղա էլ պատասխանեց․
— Եթե դաժը հիվանդ են, մարդ են (հաճելի նորություն էր):

Մեզ շատ արագ տեղավորեցին երկու շտապօգնության մեքենաներում, կրկին անգամ անձնական տվյալներ լրացրին և ճանապարհեցին դեպի կարանտին։ Մի ողջ գիշեր չքնելուց ու կարանտինյան պայմաններն ուսումնասիրելուց այնուհըտև նոր-նոր կարողանում եմ ուշքի գալ։

Այստեղ մեր հանդեպ հոգատարությունն այնքան շատ ա, որ Նաև վատ ենք զգում մեզ։ Տասնհինգ-քսան րոպեն մեկ դուռը ծեծում են՝ հարցնելու՝ ինչի՞ կարիք ունենք, ի՞նչ կարող են բերել մեզ համար․ էլ սուրճ, էլ թեյ, էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա))) Անգամ սխտոր՝ կտրատելու ու սեղանին դնելու համար։

Զուտ անմիս սնունդի պահն է դեռ մի քիչ դժվար, այսօր մի քանի անգամ հետ եմ ուղարկել սնունդը, խնդրել, որ առանց միս բերեն, սակայն էդ առումով էլ բախտս բերել ա՝ պասի շրջան ա, ամբողջ հարկում պաս պահողներ կան ու իրենք էլ նույն պահանջներն ունեն, էնպես որ հարցը շուտ կլուծվի։

Անձնակազմը շատ մեծ է, բոլորը՝ հոգատար, իրենք իրենց հոգատարությունից խառնվում են արդեն, չեն հիշում՝ որ դուռը քանի անգամ էին ծեծել, այժմ որ սենյակ պիտի մոտենային։ Մեզ, ի դեպ, սենյակի համարներով են դիմում, սակյան անգամ էդտեղ ջիգյարը չի կորում, ես օրինակ 402 ջանն եմ․ 402 ջան, ինչի՞ կարիք ունես, 402 ջան, սուրճը բերեցի՞ն։ 🙂

Մինչ էս գրառումն էի անում, դրսից բարձր ծափի ձայներ լսեցի, պատուհանը բացեմ, տեսնեմ՝ իտալացիքի պես երգել չգիտենք, սակայն սինխրոն ծափ տալ հո՜ գիտենք։
Մի կին ասեց․
— Պրծա՞ք երեխեք։ Ես ուշ եկա, մի հատ էլ։
Եվ կրկին բուռն ծափահարություններ։

շարունակելի․․

Հ․Գ․ Բոլորս լավ ենք, չենք ջերմում, չենք ֆսֆսում, չենք հազում 🙂

#կյանքըկարանտինում #օր1
#lifeunderquarantine #day1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *