Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 249 դեպք: Քիչ առաջ ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն իր ուղերձում հայտնեց, որ պացիենտների մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության ուրիշ բուժհաստատություններում: «Նրանց մի մասը ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն անգամ առանց որևէ բժշկական միջամտության, ու նրանց հիվանդանոցում գտնվելու իմաստն այն է, որ չվարակեն մյուսներին:
Վարակված քաղաքացիներից 65-ից բարձր տարիքային խմբում են 11 անձ, 70-ից բարձր տարիքային խմբում՝ 5 անձ: 80-ից բարձր տարիքի վարակված անձ չկա: Թոքաբորբ է տանում 30 հիվանդ, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ցավոք սրտի, 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նույնպես հայտնեց, որ տվյալ պահին ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 անձի համար սահմանվել է տներում ինքնամեկուսանալու պահանջ: Ըստ վարչապետի՝ կորոնավիորուսով վարակվածներ ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Այունիքի, Շիրակի, Լոռու մարզերում:
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.