ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքը

Կորոնավիրուսի աճի այսօրվա տեմպը, եթե անգամ պահպանվի, բարենպաստ է. նախորդ օրերի դեպքերի աճի հարաբերությամբ՝ շատ փոքր տոկոսով է աճում ամեն օր: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կան կանխատեսումներ՝ երբ կլինի վարակի տարածման բարձրակետը, որից հետո կսկսի այն մարել:

Նախարարի խոսքով՝ վարակի տարածման՝ այսօրվա փոքր տոկոսները համընդհանուր պետական միջոցառումների արդյունք են:

«Սա հետևանք է նաեւ հետաքննությունների ու մեկուսացումների, քանզի չենք թողնում, որ մարդիկ իրար հետ շփվեն ու հույս ունենք, որ ամբողջական սահմանափակումներն այս յոթ օրերի ընթացքում ու գուցե դրանից այնուհետև (ոչ մի երաշխիք չկա, որ այս յոթ օրը ու արտակարգ ռեժիմը չեն շարունակվելու), նպաստելու են, որ այդ թվերի աճը զսպենք:

Այլ գործոններ էլ կան: Չենք մոռանում եղանակի մասին, որ մեզ, այսպես ասած, մի քիչ «քաշում» է՝ ուշ է տաքանում»,- նշեց նա՝ հավելելով, որ ազատ տաք միջավայրում վիրուսը չի դիմանում:

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կյանքից հեռացման դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։

Այս մասին գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում ու վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *