Համաշխարհային տնտեսությունը,մոտավոր հաշվարկների համաձայն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կունենա մոտ 3 տրիլիոն դոլարի անկում, ինչը նշանակում է այդքան բացվող տնտեսական տարածություն ու դրանում տեղ զբաղեցնելու հնարավորություն:
Այդ միտքն օրերս Հայաստանի խորհրդարանում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանը պետք է ձգտի զբաղեցնել այդ տարածության առնվազն 30 միլիարդի բաժինը:
Անկասկած է, որ այդ բաժինը վերցնելու կամ զբաղեցնելու համար Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է մի դյուրին, սակայն նույն ժամանակ բավականին դժվար բան՝ սահմանել, հասկանալ, գնահատել, թե ինչպիսին պետք է լինի այդ 30 միլիարդը, ինչ բովանդակությամբ, ինչ սահմանով, ինչպիսի ձևաչափերով:
Համաշխարհային տնտեսությունը բազմաշերտ է, նույն ժամանակ լինելու է շատ փոփոխական, հարափոփոխ, տեխնոլոգիական հեղափոխությանը զուգահեռ անընդհատ արդիականացող, երբ կարճ ժամանակահատվածում կարող են արդիականությունը կորցնել ամբողջական ճյուղեր ու դրա փոխարեն ի հայտ գալ նոր ազատ տարածություններ:
Այդ իմաստով էլ ներկա է թերևս մեկ այլ հարց՝ 2050 թվականի համար Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած նպատակները մնո՞ւմ են ուժի մեջ, թե՞ ոչ: Կամ ավելի շուտ՝ ոչ թե ուժի մեջ մնալու խնդիրն է, այլ այդ նպատակները խմբագրելու: Կա՞ դրա հարկը, թե՞ հակառակը՝ դրանք ավելի արդիական են դառնում, դառնում են ավելի հրամայական: Իսկ միգուցե դրանք արդեն քիչ են, ու կա առավել հավակնոտ նպատակների կարիք, թեև մյուս կողմից՝ ակնառու է, որ առնվազն ընթացիկ ռեժիմում ավելի բարդանում են մեկնակետերն և ելակետերը:
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.