Aravot.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը 1952 թվականին ծնված տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։
Վերջինս արտերկրում չի եղել, պաշտոնապես հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, թե որտեղից է վարակվել, դեռևս պարզ չէ։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, տղամարդը իրենց մոտ ընդունվել է երկկողմանի թոքաբորբով, տեղափոխվել է Մարալիկի հիվանդանոցից, իսկ այդ ընթացքում Մարալիկում պաշտոնապես վարակի որևէ դեպք չի արձանագրվել։
Ավելին, ըստ Արմեն Իսահակյանի, հիվանդին զննել են նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել․ այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել և այլն։ Այս ամենից հետո իրենք նոր միայն ընդունել են հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէին ընդունի, որովհետև Գյումրի բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում։
Արմեն Իսահակյանն Aravot.am-ին պատմեց հետևյալը․ «Գյումրի բժշկական կենտրոնում Մարալիկից թոքաբորբով ընդունված պացիենտին, որը նաև ուղեկցող հիվանդություններ ուներ՝ շաքարային դիաբետ և կատեով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կարիք եղավ տեղափոխելու Երևան։
Ասեմ, որ պացիենտը ընդունվել է Մարալիկից, իսկ Մարալիկում չունեինք գրանցված դեպքեր և էպիդ անամնեզ փաստացի չուներ․ նա արտերկրում չի եղել, այսինքն ինքը գնում էր որպես սովորական թոքաբորբ՝ ուղեկցող հիվանդություններով։ Բայց, պացիենտին Երևան տեղափոխելուց հետո, ախտորոշումը հաստատվել է թոքաբորբ, արվել է թեստ, որի պատասխանը եղել է դրական։
Մեր բուժաշխատողները, որոնք սերտ շփվել են այդ պացիենտի հետ, ինքնամեկուսացման կենթարկվեն Գյումրու հյուրանոցներից մեկում՝ վերջին շփումից տասնչորս օր։ Նրանք պացիենտի հետ 1-ին շփումից հետո 14-րդ օրը կթեստավորվեն, նոր կվերադառնան աշխատանքի՝ ապահովության համար, ներկա պահին էլ կորոնավիրուսին բնորոշ ոչ մի գանգատ չունեն։
Ասեմ նաև, որ պացիենտը եղել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, չի ունեցել էպիդեմիոլոգիական անամնեզ։ Մենք գործ ունեինք կորոնավիրուսի վարակի տեղային դեպքի հետ, որը ոչ թե դրսից եկած կամ պացիենտի հետ շփված անձ է, այլ մեկը մյուսով է փոխանցվել, երևի 3-րդ անձից։ Այսուհետ ցանկացած պացիենտ, որը դիմի բժշկական կենտրոն ու կունենա ջերմություն, պիտի ուղղորդվի ինֆեկցիոն հիվանդանոց ու այնտեղ ինֆեկցիոնիստները որոշեն՝ թեստավորեն, թե՞ չէ։
Եթե պացիենտի թեստը եղավ դրական, չի բուժվի Գյումրի բժշկական կենտրոնում, կտեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որը դարձել է կորոնավիրուսով վարակված հիվանդների բազմապրոֆիլ հիվանդանոց։ Գյումրու բժշկական կենտրոնը կորոնավիրուսով վարակված հիվանդ չի բուժելու»,- ասաց Արմեն Իսահակյանը։ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից էլ ճշտեցինք, որ Մարալիկում նրա հետ շփված 2 ընտանիքի անդամներին մեկուսացրել են։ Տղամարդը որսորդ է, ասացին, որ քիչ շփվող անձնավորություն է, բնակվում են երկուսով՝ ինքն ու կինը։ Թե ումից է վարակվել, համայնքում գաղափար չունեն, գիտեն միայն, որ դրսում նարդի է խաղացել, մասնակցել հուղարկավորության։