ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսրոպի, Թերեզայի ու փոքրիկ Ռաֆայելի «ուրախ կարանտինը»

Mediamax.am-ը գրում է.
Մեսրոպի ու Թերեզայի ընտանիքը գտել է կարանտինը թեթեւ անցկացնելու իրենց բանաձեւը․TikTok հավելվածի միջոցով կարճ, զվարճալի տեսանյութեր են նկարում և կիսվում ֆեյսբուքյան ընկերների հետ: Արդյունքում ե՛ւ իրենց օրն են դրական էներգիայով լցնում, ե՛ւ հետեւորդների։

Այս տեսանյութերի առաջին պլանում փոքրիկ Ռաֆայելն է, որը շուտով մեկ տարեկան կդառնա։ Երիտասարդ ծնողները ցույց են տալիս, թե ինչքան ջերմ և թեթեւ է անցնում երեքի առօրյան և մյուսներին հորդորում են՝ այդպիսի ցանկացած խենթ զբաղմունք գտեք, միայն թե այս օրերին տանը մնացեք ու պահպանեք արտակարգ դրության կանոնները։

Մեսրոպ Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ընտանիքը սկսել տեսանյութեր նկարել, ինչով են զբաղվում ամբողջ օրն, ու պատասխանում է այս օրերին հայտնի դարձած հարցին, թե ինչպես կարանտինի ընթացքում, տանը մնալով, զույգերը չեն բաժանվում։

Ցեցն ընկավ ջանը
Արտակարգ դրության օրերին TikTok հավելվածը նորություն դարձավ ինձ համար, «ցեցը» կինս գցեց իմ մեջ։ Մինչ կարանտինը այս հավելվածը չէինք օգտագործել, սակայն միասին սովոր էինք ժամանակ առ ժամանակ «ջրիկանալ» և ֆեյսբուքյան մեր ընկերների համար ծիծաղաշարժ տեսանյութեր նկարել։

Երբ կինս TikTok-ի մասին պատմեց, երկու օր շատ անտարբեր էի, սակայն Այնուհետև պարապությունը սկսվեց և փորձեցինք այդ հավելվածից մի հետաքրքիր բան ստանալ։ Այս կարճ տեսանյութերը ոչ մի հատուկ նպատակ չունեն, մեզ հետաքրքիր է սրանով զբաղվելը, մեր ընկերներն էլ գիտեն, որ մենք երբեմն այդպիսի բաներ ենք նկարում։

Հիմա էլ այս տեսանյութերով փորձում ենք կարանտինյան օրերը թեթեւ անցկացնել, ֆիլմեր դիտելու արանքում ենք ընդմիջում անում և նկարում։

Կոտրելով «քնել-զարթնել-ուտել» առօրյան
Դժվար էր համակերպվել կարանտինին. երբ դու բնույթով շատ աշխույժ ես, միշտ աշխատում ես, տանը չես լինում, ակտիվ ռիթմի մեջ ես, մեկ էլ «հոպ»՝ դու անմիջապես տանն ես։

Պարզվում է՝ շատ հաճելի երեխա ունես, կինդ շատ հրաշալի պատրաստում է և ձեր հարաբերություններն էլ շատ լավ են։ Կարող ենք իրար հետ սուրճ խմել, ֆիլմ դիտել, քնել-արթնանալ։ Այս տեսանյութերով կոտրեցինք ամենօրյա «քնել-զարթնել-ուտել» ռեժիմը և փորձեցինք մի քիչ ավելի հետաքրքիր դարձնել Օրը։

Փորձում ենք պահպանել արտակարգ դրության կանոնները․մեր տեսանյութերն էլ տարածում ենք #մնատանը հեշթեգով, որը դիտավորյալ ենք անում: Այդ կերպ փորձում ենք նաեւ մեր ընկերներին և մեզ հետեւողներին հորդորել, որ տանը մնան, փոքրիկ մեսիջ ենք ուղարկում. «ինչ ցնդելու բան ուզում եք արեք, սակայն տանը մնացե՛ք»։

Հնարավոր է՝ այս տեսանյութերից ապագայում հոգնենք և փորձենք ուրիշ բանով զբաղվել։ Հիմա սա մեզ ուրախացնում է, դատելով արձագանքներից և ստացած նամակներից, մեզ հետեւողներին էլ է այս ամենը դրական էներգիա փոխանցում. շատերը մեզ գրում են և խնդրում, որ նորերը նկարենք։

Բացի մեր ընկերներից մի շարք անծանոթ մարդիկ նույնպես կիսվում են մեր տեսանյութերով, նրանց մեջ նաեւ ոչ հայազգի օգտատերեր եմ նկատել։

«Ֆիշկան» երեխան է
Մեր տեսանյութերի առաջին պլանում երեխան է, «ֆիշկան» է դարձել, առանց երեխայի տեսանյութ չունենք, քանի որ երեխան մեր առօրյան է։ Մեզ ևս շատ հետաքրքիր է, թե այդ ամենին նա ինչպես է արձագանքում, չնայած առանձնապես բան չի հասկանում։ Երբեմն լացում է, երբեմն ուրախանում, երբեմն էլ՝ զրո արձագանք։

Միայն դրական արձագանքներ ենք ստանում, դրանց 90 %-ը երեխային է վերաբերում․ «Չմահանամ, վիրուսն անցնի, գալու եմ այդ երեխային պաչպչեմ», «Էրեխուն մի՛ տանջեք», «Էրեխեն մեղք է ձեր ձեռքը, փրկե՛ք»։

Անգամ զոքանչիս էին անձնական նամակ գրել․«Թոռանդ փրկի՛․ տանջում են»։ Փառք Աստծո, նա հումորով է և հասկանում է։ «Տանջելը» հարաբերական է, մոտ 15 վայրկյան ենք նրան «տանջում»։ Ոչ մի փորձ չենք անում, մեկ-երկու անգամից նկարում ենք։ Հենց թերթում ենք TikTok-ը, մի բան հավանում, նկարում ենք։ Միշտ չէ, որ համաձայնության ենք գալիս սյուժեի շուրջ։

Հստակ չենք կարող ասել, թե քանի օրը մեկ ենք տեսանյութ նկարում, տրամադրությունից է կախված։ Գաղափարները հիմնականում TikTok-ից ենք վերցնում։ Երբ այդ հավելվածի մեջ ես, անկախ քեզնից սկսում ես նկարելը, փոքրիկ վարակ է։

Մենք տեսանյութերը նկարում ենք TikTok-ով, սակայմ այդ ցանցում չենք կիսում, Facebook-ում ենք միմիայն հրապարակում, քանի որ ես միայն այստեղ եմ ակտիվ։ Կինս սոցցանցերում ընդհանրապես ակտիվ չի եղել, այժմ է մի փոքր «իմ ջրերն է ընկել»։ Տեսանյութեր առանց իրար չենք արել, իրար հետ ենք սկսել նկարելը։

Ո՞նց է դեռ չեք բաժանվել
Հատկապես համացանցում վերջին շրջանում շատ է քննարկվում, որ շուտով շատ զույգերը կբաժանվեն:

Իրականում՝ սա մի շատ հավես փուլ է իմ կյանքում, քանի որ հատկապես երեխայի ծնվելուց այնուհետև ես շատ քիչ եմ տանը ժամանակ անցկացրել։ Մեր տան միակ կռիվը՝ տանը իմ քիչ լինելու մասին էր։

Ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում տնօրեն եմ աշխատում, ատամնաբույժ եմ, երեկոյան էլ RadioJan USA-ի համար հաղորդում եմ վարում. երեկոյան ենք եթեր մտնում, որ ԱՄՆ-ում առավոտ լինի։ Կինս հիմա չի աշխատում, երեխային է մեծացնում, մասնագիտությամբ եվրոպական կառույցների մասնագետ է, Սորբոնի համալսարանն է ավարտել։

Մինչ կարանտինը աշխատանքներից տուն էի գալիս, մոտ մի ժամ երեխայի հետ էի անցկացնում և նա քնում էր. ամեն օր այդպես էր, միայն կիրակին էր տարբերվում։ Այժմ հնարավորություն ունեմ լրացնեմ այդ բացերը և փորձեմ վերհիշել՝ ում հետ եմ ամուսնացել, փորձեմ երեխայիս ավելի մոտիկից ճանաչել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *