ՈՒՇԱԳՐԱՎ. Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշները և իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է

Ipress.am-ը գրում է.
Հարգելի բարեկամներ,
Ստանում եմ օրական հարյուրավոր նամակներ և զանգեր այն մարդկանցից, ովքեր ուզում են իմանալ ինչ ախտանշաններ ենք ունեցել, ինչ ցավեր կամ զգացողություններ ունենք:
Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրոք անհանգստանում են, ու հոգեպես կանգնած են մեր կողքին: Սիրում եմ ձեզ

Covid-19ը, ցավոք սրտի, անտարբեր չանցավ մեր կողքով: Ուզում եմ կիսվել իմ փորձով, չգիտեմ ինչքանով օգտակար կլինեմ, սակայն հույս ունեմ գոնե ինչ-որ մեկի օգնած կլինեմ։ Ձեզանից շատ շատերը կարող է անգամ ոտքի վրա են տարել այս վիրուսը, ոգ չեն էլ գիտակցել, որ սա հենց կորոնավիրուսն է: Որովհետև չկա ոչ մի դեղորայք կամ պատվաստում, մենք պետք է ուժեղացնենք մեր իմմունային համակարգը, ինչպես նաև նյարդային համակարգը (եթե դա հնարավոր է):

Վերադառնալով Փարիզից, և գիտակցելով, որ ուղղակի կամ աննուղակի կերպով (փարիզյան մետրոներում և փողոցներում, ինքնաթիռում, օդանավակայանում) շփվել ենք հազարավոր անձանց հետ, վախն արդեն իսկ մեր մեջ կար, որ մենք հնարավոր է վարակված լինենք: Օդանավակայանից, ես` անփորձ, սակայն համարձակ վարորդս, որոշեցի իմ հարազտների կյանքը վտանգի տակ չդնելով, անմիջապես վերադառնալ Գյումրի, և ինքնամեկուսանալ 14 օր: Իմ փոխարեն այսպես կվարվեր յուրաքանչյուր գիտակից մարդ:

Մի քանի ժամ քնելուց այնուհետև, արթնացա բարձր ջերմությամբ(բարձր ասելով`37.5), ինչը այդ պահին մենք վերագրեցինք հոգնածությանը: Մայրիկս չուներ ջերմություն: Մի քիչ թույլ էի, վիրուսը արդեն իսկ կռվի մեջ էր մտել օրգանիզմիս հետ:

Ստացել էի բազում զանգեր թե հարազատներից, ովքեր ուզում էին իմանալ ոնց ենք հասել, թե Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից, թե ոստիկանությունից (դեռ չգիտեյի որ այսքան մտերմանալու եմ իրենց հետ) )))

Օր 2
Արթնացա, և քանզի ունեինք ցուցում յուրաքանչյուր օր ջերմաչափվելու, առաջին իսկ քայլս ջերմաչափումն էր: Ջերմություն չունեյի, ուրախացա: Զանգեցի տվյալներն հայտնեցի, և առանց որևիցէ գանգատների, սկսեցի աշխատանքային օրս`տանից: Ինքնամեկուսացել էին անգամ Երևանի բոլոր կոլեգաներս: (սիրում եմ ձեզ) Երեկոյան բարձրացավ մայրիկիս ջերմությունը, ինչն արդեն իսկ մտահոգության պատճառ հանդիսացավ:

Օր 3
Ունեինք ջերմություն, և արդեն թեթև հազ: Ասելով այդ մասին համապատասխան մարմիններին, արդեն սպասում էինք բժիշկների այցին: Ստուգեցին, բարեբախտաբար, թոքաբորբ չունեինք: Բայց, դա մեզ չհանգստացրեց: Մեր վախն ավելի ուժեղ էր: Խնդրեցինք թեսթավորում անցնել, սակայն հասարակ ջերմությունը դեռ բավարար պատճառ չեր: Շատերն են հիվանդ այս շրջանում, հո բոլորին չենք թեսթավորի:

Օր 4
Ջերմությունը շարունակում էր տատանվել, իջնում էր 35.5 և բարձրանում 37: Հազը խորանում էր, ախորժակն իսպառ բացակայում էր: Շարունակում էինք բացարձակ ինքնամեկուսացումը, և տվյալների տեղեկացնումը: Ոստիկանությունը վերահսկում էր մեր տանը գտնվելը օրական 2-3 անգամ զանգելով: Բնականաբար, այդ զանգերի և վերահսկման բացակայության պարագայում ևս, մենք հետևում էինք տանը նստելու և ոչ մի դեպքում տանից դուրս չգալու սկզբունքին (արտասովոր ցուրտ օրեր էին, ու դա զգացվում էր անգամ տունը օդափոխելուց)

Օր 5
Ջերմության տատանումը շարունակվում էր, հազը ուժգնանում, վախը և պանիկան շատանում: Դիմեցինք բժիշկներին և հրավիրվեցինք ռենտգեն անելու)): 4 օր տանից դուրս չգալուց այնուհետև ուրախությանս չափ չկար, վերջապես «բանտարկյալ» վիճակից գեթ մի պահ դուրս եմ գալու, նստեմ մեքենայիս ղեկին և առաջին անգամ Գյումրիում երթևեկության մեջ դուրս գամ, չնայած որ հիվանդանոցը շատ մոտ է տանս:

Ինչպես միշտ ունեինք դիմակ, ձեռնոցներ, և ալկոգել, ինչպես և Փարիզում, որտեղ մարդիկ դիմակով մարդ տեսնելիս վախից քարանում և հնարավորինս հեռու մնում մեզանից
Անցնելով ռենտգենը, բժիշկս հորդորեց վերադառնալ տուն, նշելով, որ սա սովորական մրսածություն է, շատ թեյ խմենք և ամեն բան կկարգավորվի:

Տուն մտնելուն պես լվացվեցինք(ձևը գիտեինք), և արդեն մի քիչ հանգիստ էինք, որ թոքաբորբ չենք, բժիշկս էր ասել: Խուճապը հզոր բան է, չ՞է: Մենք այնուամենայնիվ ամեն գնով ուզում էինք հանձնել այդ թեսթը և վստահ լինել, որ մենք «թագադրված» չենք: Պնդելով, խնդրելով և ստիպելով, վերջապես հասանք մեր ուզածին: Կես ժամ անց ստացանք զանգ, որ վերջապես մեզ կթեսթավորեն:

Շտապ օգնության մեքենան եկավ, և արդեն 2րդ անգամ 5 օրվա մեջ տանից դուրս պիտի գայինք: Իջնելուն պես տեսանք համազգեստով, դեմքը ամբողջովին փակ, սպիտակ շորերով բուժ աշխատողի: Անգամ վարորդն էր սպիտակազգեստ:)))

Ժամանեցինք հիվանդանոց, դեռ չգիտեինք, որ այստեղ անցկացնելու ենք 10 օր: Նմուշառումը կատարվեց: Մեզ մնում էր միայն սպասել: Տվյալ պահին չունեինք ջերմություն, միմիայն հազն էր ուժեղանում և գլխացավը:

Օր 6
Մի կերպ լուսացնելով, անհամբեր սպասում էինք թեսթերի պատասխաններին, հուսալով, որ այժմ գնալու ենք տուն և հանգիստ շունչ քաշենք: Ավաղ, թեսթերի պատասխանը եկավ դրական:

Մեր ինքնազգացողությունը շարունակում էր մնալ նույնը, ջերմության տատանում, թուլություն, ախորժակի բացակայություն, սուր հազ, և մի քիչ ավելի բարդ էինք տանում ջերմության տատանումները:

Օր 9` այսօր
Մենք դեռ շարունակում ենք պայքարել
վիրուսի դեմ: Գիտեմ, որ 8-10 օրերը ամենակրիտիկականն են, այս շրջանում իմմունային համակարգը սկսում է ակտիվ պայքար մղել վիրուսի դեմ, և բարձր ջերմությունը անգամ լավ է: Նշանակում է մեր իմմունիտետը թեժ կռիվ է տանում: Այսօր կորցրել ենք համի զգացումը և ախորժակը:
Չնայած քաղաքում պտտվող անհիմն խոսակցություններին, մենք շարունակում ենք լավատեսորեն սպասել մեր դուրս գրմանը:
Շնորհակալ եմ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *