Նաիրա Ստեփանյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն է, բուժական բաժանմունքի պատասխանատուն: Նա այն բժիշկն է, ով ընդունել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին վարակակրին: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշելով առաջին վարակակրի հետ աշխատանքը, հետագա զարգացումները, անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ բժիշկ Նաիրա Ստեփանյանը հղում է իր գլխավոր խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին հաստատված դեպքը և բժիշկների արձագանքը
Երբ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը արձանագրվեց, երեկոյան ուժ ժամ էր: Մինչ այդ բժիշկները սովորական աշխատանքային տեմպով գործի մեջ էին, աշխատանքից գնում էին տուն և վերադառնում: Առաջին դեպքի հաստատումից այնուհետև ամեն ինչ փոխվեց՝ աշխատանքային պայմաններից մինչև զգացողություններ:
«Առաջինն, ինչ ես զգացի, խուճապ էր, չբացատրված խուճապ: Ահազանգ էր այն մասին, որ վերջ, Հայաստնում սկսվեց դեպքերի հաստատումը: Ես շփոթված էի, ինչ-որ առումով վախեցած, քանի որ մինչ այդ չէինք աշխատել այդ վիրուսի հետ, դեպքն առաջինն էր մեր երկրում: Անելիքները և գործողությունները պետք է լինեին հստակ՝ պաշտապանական ավելի ուժեղացված ռեժիմով:
Հաջորդ աշխատանքային օրվա մեջ, երբ արդեն սկսեցինք աշխատել արձանագրված դեպքի հետ կոնկրետ, հստակ գործողություններով, զգացողությունները, իրավիճակը փոխվեցին: Խուճապն միանգամից անցավ, հստակեցվեց աշխատանքային գրաֆիկը, ձևաչափը, պլանը, հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց: Անհանգստությունը անցավ և սկսեցինք աշխատանքը հստակ դեպքի հետ»,-ասում է Նաիրա Ստեփանյանը:
Ցանկացած հիվանդի առողջացումը և դուրս գրումը տոն է բժշկի համար
Այս իրավիճակը նոր էր նաև պացիենտի համար: Երբ թեստի պատասխանն իմացավ, կարճատև շփոթմունք եղավ, այնուհետև ամեն ինչ անցավ: Բժշկի բնորոշմամբ, հավասարակաշռված երիտասարդ էր, նրա կինը նույնպես իրենց մոտ էր հոսպիտալացված:
«Անշուշտ, իրավիճակը նոր էր, բայց, երիտասարդի հետ հոգեբանական առումով, եթե անկեղծ լինեմ, խնդիր չի եղել: Նա չունեցավ բարդություն, երրորդ օրվանից որևէ միջամտության կարիք չեղավ, մենք ուղղակի սպասում էինք օրերի ավարտին, վերջնական հետազոտմանը: Ասեմ, որ ցանկացած վարակակրի առողջացումը, դուրս գրումը մեզ համար տոն է: Երբ տեսնում ես հիվանդի ոգևորությունը, լիցքաթափությունը, լսում ես նրանց ջերմ խոսքերը, հավատացած եղեք, դա ամենամեծ նվերն է ու ամենամեծ շնորհակալությունը:
Երբ մտա պացիենտի մոտ ասելու, որ թեստի արդյունքը բացասական է, տեսա, որ ինքն արդեն իրերը հավաքել, սպասում է: Կարծես, թե գիտեր, որ թեստի արդյունքը բացասական պետք է լինի: Շատ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց ու գնաց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք՝ տեսնելով, որ սկսվեցին առողջացումները:
Պացիետների առողջացումը, դուրս գրումը մեզ ուժ է տալիս: Լինում են դեպքեր, երբ վարակակիրը ծանր է լինում, օր ու գիշեր կողքին ես լինում, ժամերով անցկացնում ես մահճակալի մոտ: Երբ տեսնում ես, որ ցուցանիշները գնում են դեպի լավը, դա արդեն թեթևություն է, մեծ ուրախություն է յուրաքանչյուր բժշկի և պացիենտի համար»,-ասաց բժիշկը:
Ծանրաբեռնվածության առաջին ալիքը
Ծանրաբենռվածության առաջին ալիքը մարտ ամսվա մեջ էր, երբ Էջմիածնի դեպքերը եղան, ընդունվեցին նույնպես կոնտակտավորները: Այդ ժամանակ, ոչ միայն հիվանդների թիվն աճեց, այլև սկսվեցին դեպքերի ծանրացումները: Բժիշկները հասկացան, թե ինչ դժվար աշխատանք է սպասվում:
«Առաջին վարակակիրը բարդություն չունեցավ, այսինքն՝ շատ հեշտությամբ անցկացրեցինք այդ շրջանը, բայց երբ եկան Էջմիածնի դեպքերը, զգացինք իրավիճակի լրջությունը, պացիենտների ծանրության աստճիանը»,-պատմում է բժիշկը:
Նաիրա Ստեփանյանը մարտի 2-ից տուն չի գնացել: Այս ժամանակահատվածում հեռու է գտնվում ընտանիքից, հարազատներից: Հարցին, թե ինչն է պակասում բժիշկներին, պատասխանը միանշանակ էր՝ իրենց ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, ջերմությունը:
«Մեզ պակասում է մեր ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, նրանց ջերմությունը, հարազատ մարդու աջակցությունը: Ֆիզիկապես նրանց չտենսելը, ամենամեծ դժվարությունն է ամենքիս համար: Այստեղ հիմնականում աշխատում են ընտանիք ունեցող անձինք:
Կան աշխատողներ, որոնք ունեն փոքրիկներ, դպրոցահասակ երեխաներ: Նրանցից հեռու լինելը ահավոր դժվար է: Երբեմն հուզմունքին չենք դիմանում, տեղի ենք տալիս մեր զգացմունքներին: Ասեմ նույնպես, որ ունենք ժամանակի պակաս, 24 ժամը չի բավարարում»,-ասաց Նաիրա Ստեփանյանը:
Ոգևորիչ խոսքեր, գնահատականներ, որոնք բժիշկներին ուժ են տալիս
Վերջին շրջանում հաճախ հնչող խոսքերից են՝ բժիշկներն ներկայիս հերոսներն են, նրանց արված աշխատանքն անգնահատելի է: Նաիրա Ստեփանյանն նշում է՝ այս ու նման այլ ոգևորիչ խոսքերն իրենց ուժ են տալիս:
«Այդ խոսքերը մեզ հասնում են: Ներկա պահիմ սոցիալական ցանցերն այդ հարցում առաջնային դեր են խաղում: Հավատացեք, շատ հաճելի է շնորհակալական, գնահատանքի խոսքեր լսելը, դրանք մեզ ուժ է տալիս»,-ասաց նա:
Բժշկի գլխավոր հորդորը
Նաիրա Ստեփանյանը նշում է, որ այս օրերին հասարակության շրջանում նկատվում է զգոնության թուլացում: Նա նշում է՝ տնից դուրս գալ, միայն խիստ անհրաժեշտության պարագայում ու լուրջ վերաբերել մասնագետների հորդորներին:
«Անհրաժեշտ է մնալ տանը:
Ամեն դեպքում, եթե կա խիստ անհրաժեշտություն տնից դուրս գալու, և այլ ձև հնարավոր չէ, ուրեմն պեռք է գոնե ապահովել անհատական պաշտպանիչ միջոցառումները, պարտադիր լինել դիմակով, հաճախակի ախտահանել ձեռքերը, անկախ ամեն ինչից, պահպանել սոցիալական հեռավորությունը: Հեռու մնալ համբուրվելու տեսքով բարևներից, ձեռքսեղմումից, գրկախառնումից:
Այո, զգոնությունը թուլացել է: Մեր մտածելակերպի մեջ կան որոշ դրսևորումներ, թե մեզ հետ ոչինչ չի լինի, և կորոնավիրուսով չենք վարակվի: Ես ուզում եմ, որ մարդիկ աչալուրջ լինեն: Ամենաճիշտ բնութագրող խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը, ոչ ոք ապահովագրված չէ, և հիշեք՝ ցանկացածը կարող է վարակվել», ավելացրեց Նաիրա Ստեփանյանը: