Այսօր կատարվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն վարչության նիստը: Նիստի ավարտին լրագրողները հարցեր ուղղեցին ՔՊ-ի անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:
Հարցին, թե վարչության նիստին «քննարկվե՞ց Սերժի մնացորդներից ազատվելու խնդիրը» ու հանրությունը ե՞րբ ականտես կլինի այդ մաքրման գործընթացին, Ալեն Սիմոնյանը նշեց. «Այդ գործընթացն յուրաքանչյուր օր տեղի է ունենում, բոլորս տեսնում ենք ու լսում, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ, շատ հարցեր լուծվել են:
Դրա շուրջ ուղղակի չի խոսվում, քանի որ մեդիադաշտի մեծ մասը զբաղված է գումար աշխատելով, դրա դիմաց հետաքրքիր վերնագրեր դնելով»: Հարցին՝ դուք նշում եք, որ մեդիադաշտի 90 տոկոսը զբաղված է գումար աշխատելով, ունե՞ք այդպիսի թվեր, մոնիթորիգ արե՞լ եք, Ալեն Սիմոնյանը ասաց.
«Եթե ուզում եք ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90%-ն է, 70 -ը, թե 95-ը, դրանով ոչ մի բանի չենք հասնի: Մենք լավ գիտենք, որ այսօր մեդիա դաշտի մի խավար զանգված պատկանում է անցած իշխանություններին, ու գիտենք, թե ինչ թվեր և վաճառքներ են տեղի ունենում…
Դա տեսնում են քաղաքացիները նույնպես: Կարծում եմ, այդպես քննարկման մեջ մտնելն անշնորհակալ գործ է: Պարզ երևում է, որ արվում է ամեն ինչ՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները եւ ներկայացնել կոնտեքստից անջատված շատ դրություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: