«Մեր ժողովուրդը երկար է տանջվել, այժմ շատ էական է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Սակայն եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կգնա:Ինքը երդվյալ տղա է, ասում է, որ եթե ինքն էլ սխալվի, ապա իրեն էլ հանենք:
Չի համարում, որ ընդմիշտ է եկել իշխանության»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը: Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»:
Դերասանի տեսատետի հանաձայն` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ չի սիրի քաղաքական վատ գործչի: «Հանրապետականներից լավ տպավորություն չի մնացել, իսկ Նիկոլ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլ նաև ողջ հայ բնակչությունը»: Մեր զրուցակիցը՝ Հարություն Մովսիսյանը այն կարծիքին է, որ քաղաքական դաշտում հարկավոր է ընդդիմություն ձեւավորել:
Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ.«Երբ դերասանը լավ չի խաղում, այդ ժամանակն թատերագետը քննադատում է նրան, նույնն էլ քաղաքական դաշտում պետք է լինի»,- նշեց նա:
Հարություն Մովսիսյանը երազում է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ կուսակցություններ չլինեն, լինեն զուտ երկուսը. «Թե չէ յուրաքանչյուրը իր կուսակցական շահերն է առաջ տանում, իսկ հայ ազգի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,- ասաց պարոն Մովսիսյանը: