Ապրիլի քսանչորսի լույս քսանհինգի գիշերը, մոտավորապես ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք ու վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Հիշեցնենք, որ 82–ամյա պապն երեկ առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որ ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, սակայն նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։
Արտուշ պապն ասել էր, որ ինչ գնով էլ լինի, պետք է բարձրանա հուշահամալիր ու իր պարտքը կատարի։ Ծաղիկները ձեռքին մոլորված կանգնած պապի լուսանկարը տարածվել էր համացանցում, նա գերել էր օգտատերերի սրտերը, որոնք քննադատում էին ոստիկանությանը՝ նկատելով, որ տարեց քաղաքացու համար կարելի էր բացառություն անել։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»։
Տեսանյութը դիտեք ստորև՝