Մի գաղտնիք բացահայտեմ. Բաց նամակ Ափինե Հովհաննիսյանից՝ Նիկոլ Փաշինյանին

Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն կատարվածին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցը և կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր «Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին» վերնագրված գրառման մեջ:

«Առաքելության վերջ կամ հեռանալու ժամանակը
Գրել եմ երկար, գիտեմ Ֆեյսբուքի ձևաչափ չէ, սակայն գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։
Հարգելի Նիկոլ,
Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցը և կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, և ցանկանում եք հեռանալ:

Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք այդպիսի ցանկություն ունեք, ուրեմն կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ուրեմն գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ այդպիսի ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, ու ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, և առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք: Ձեր հեռանալու հրամայականը գնահատելու համար չափազանց էական նշանակություն ունի հասկանալ Ձեր ազդեցությունը առանցքային մի շարք երևույթների վրա:

Այսպես`
1) ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դուք քաղաքական դիսկուրս ներմուծեցիք պաշտոնյային անհարիր բառերի մի ողջ խումբ՝«վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» եւ այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե Ձեր «սիրած» նախկիններին, այլ Ձեզ ընտրած զանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։ Ի դեպ, տպավորություն է, որ Դուք մարդկանց միջից ուզում եք վերացնել կիրթ և կրթված լինելու ձգտումը։ Դա է վկայում Ձեր կադրային քաղաքականությունը և բառապաշարը։ Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ ու բազմաթիվ այլ հասկացությունները:

Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ, իսկ այնուհետև Դուք սկսեցիք ժողովուրդ անվանել լրատվականների տակ մի կամ երկու կենտրոնից կառավարվող լկտի, վախկոտ ֆեյքերի բիոզանգվածին ու իներցիայով նրանց միացող որոշ իրական, սակայն ֆեյքացած ու դրսում, օրինակ, Թրամփից կամ Զոնսոնից փող ստացող, ՍԱԿԱՅՆ այստեղ ապրողներիս դասեր տվող կանանց ու տղամարդկանց մի մասի:

Ձեր իշխանության և ձեր աջակիցների (ֆեյքերի) հավաքական դեմքն է անպատասխանատվությունը, ամենակարևոր պահին անհետանալը ու անամոթությունը։ Ի դեպ՝ ֆեյքերին մի բան է միավորում՝ նրանք բոլորը ձեր նկարով են՝ բոլորի մոտ ստեղծելով կարծիք, որ հայհոյողը դուք եք։ Մի զարմացեք ուստի Ձեր նկատմամբ նման վերաբերմունքի համար։ Դադարեցրեք ու ապաշխարեք։

2) ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Դուք աղավաղել եք թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ հարցերի լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ուրեմն ձեր իշխանության պարագայում ունի այս տրամաբանությունը` ամենաանհեթեթ, ամենասկանդալային ու անհոդաբաշխ հայտարարություններն անում են թիմ հիշեցնող հանրույթի մասնակիցները, որ այդ ֆոնին Ձեր խոսքը թվա հիմնավորված ու կշռադատված։

Ցավոք Ձեր խոսքը հիմնականում չի տարբերվում այն մարդկանց խոսքից, ում զառանցանքները Դուք փորձում եք հիմնավորել: Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, հետո սկսվում են բանսարկություններ և կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ ՀՀ պարետին խոչընդոտել փորձում են ԲՈԼՈՐԸ` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խանգարում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հայտնելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք:

3) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Դուք մուտացիայի եք ենթարկել պետական կառավարման ամբողջ տրամաբանությունը: Եթե սկզբնական շրջանում Ձեզ բնորոշ էր ինտուիտիվ կառավարումը, ուրեմն հիմա այն վերածվել է բնազդային կառավարման` առանց որևէ հաշվարկի, տրամաբանության, վերլուծության, ողջամիտ քննադատության հաշվառման: Բնազդով զգում եք, որ ամեն ինչ վատ է, սակայն «հպա՜րտ» քաղաքացու «ախտանիշը» թույլ չի տալիս ընդունել, որ Դուք ու Ձեր Չկառավարումն է խնդիրը: Առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ եք նայում, պայքարում ստվերների դեմ, ման գալիս ու գտնում թշնամիներ:

Եթե նժարին Դուք ու Ձեր թիմակիցն է, ուրեմն մեղավորը միշտ Ձեր թիմակիցն է: Եթե նժարին Ձեր ապիկար որևէ թիմակից է և շարքային պետական ծառայող, ապա միշտ մեղավոր է այդ ծառայողը, իսկ առավել համոզիչ լինելու համար այդ պետական ծառայողը մի թեթև լայվով դառնում է նախկին համակարգի սպասարկու, դավաճան, գործակալ և էլի այդպիսի`Ձեր շուրթերից այլևս այնքա~ն անլուրջ դարձած բառեր: Օրինակ` Տաթևիկ Ռևազյանի կազմաքանդած ավիացիան ու Աֆրիկան, օրինակ՝ Ձեր խոսնակը, «մենք ռեք ենք» արտահայտությունը և հայտնի չստացված կադրերը:

Պարոն վարչապետ, պետական կառավարման ողնաշարը վնասելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք: Դուք թշնամիներ փնտրելու Ձեր մոլուցքին հավատարիմ՝ ուզում եք ազատվել նույնպես ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող արդեն միջին օղակի պրոֆեսիոնալներից` նրանց տարբերվող կարծիքը որպես հակահեղափոխություն պիտակելով: Ձեր «շնորհիվ» շարքային ֆեյսբուքյան ստատուսչի իրեն վաստակավոր քաղաքական գործիչ է համարում՝ նվազագույնը նախարարի պորտֆելով։ Ավելի անգրագետները՝ պատգամավորի են ձգտում։

4) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Դուք մոտ եք ժողովրդին և միաժամանակ այնքան հեռու: Եթե խոսքը վերաբերում է ոչ կարևոր թեմայի, Դուք ժամերով կարող եք խոսել` դա անելով այգաբացից մինչև ուշ երեկո: Ընդ որում, մարդիկ լսում են Ձեզ, որ խնդրի լուծում առաջարկեք, ոչ թե պատմեք, թե ինչու չեք կարող լուծել այդ խնդիրը, օրինակ՝ կոմունալներ, օրինակ՝ մարտի 26-ից անց աշխատանք կորցրած շատ մարդիկ, օրինակ՝ բիզնես, որին դուք այդպես էլ անձամբ չկանչեցիք ու հարցնեք՝ իսկ ձեզ ի՞նչ է հարկավոր, որ դիմանաք (գումար, ռոյալթիի հետաձգում, հարկային արտոնություն և այլն): Սակայն Դուք այնքան անհասանելի եք, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ու Արցախի հարցին։ Տես` արցախյան հարցում փուլային, թե փաթեթային տարբերակի մասին բացակա դիրքորոշումը:

5) ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔ
Ձեր մուտացիայի շնորհիվ արդարությունը արիստոտելյան հավասարեցնող ու բաշխողից դարձավ ընտրովի: Արդարություն «վերականգնելիս» ստացվեց` Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, և մոռացել (այդ թվում՝ երեսուն տարվա թալանի), ու թշնամի «թալանչիներ», որոնց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվի:

Ձեր օրոք իրավական դասական հասկացությունները անճանաչելիորեն աղճատվեցին. Պարզ դարձավ, որ մեկ հոգով` էլեկտրոնային համակարգով կարելի է իշխանություն յուրացնել, սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն կարող է այդ սույն սահմանադրական կարգը տապալել, իսկ սեփական բանկային մեկ հաշվից մյուսին գումար փոխանցելով էլ՝ ապօրինի հարստանալ:

6)ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
«Հեղափոխությունից» այնուհետև ամենաշատը դեֆորմացիայի ենթարկվեց հենց այս գաղափարը: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարը նման էր էժան սերիալի, որի ամեն հաջորդ մասը նախորդից ավելի վատն էր և պակաս ազդեցիկ: Այնուհետև դարձավ մի քանի անգամ կրկնած սերիալի պես կանխատեսելի, ձանձրացնող ու անիմաստ:

Այնուհետև փոխվեց կոռուպցիայի մեխանիզմը՝ պարզ դադձավ, որ ինչ «հետ եք բերել» կոռուպցիայի դեմ պայքարով, ձեր իշխանության անգամ առաջին էշելոնի ապիկարների պարգևավճարներին չի բավարարում: Մի բան ասեմ` հիշեք հետոյի համար. օրինական չի կարող համարվել այն գումարը, որը տրվում է ոչ մի հետևանք չցուցաբերած պաշտոնյային որպես ավանս: Մնացած օդում կախված լուրերի մասին (Ձեր մի շարք թիմակիցների՝ ԱՄՆ-ում հիմնած տարբեր բիզնեսներ և այլ) չեմ խոսում` Ձեզ չնմանվելու համար:

Պարո՛ն վարչապետ,
Յուրաքանչյուրի անհատի, իսկ հատկապես պետական պաշտոնյայի համար կենսական է սխալներից դասեր քաղելը, սեփական վարքագիծը փոխելու ունակությունը։ Ես, օրինակ, հետադարձ հայացք գցելով իմ պետական ծառայության ժամանակահատվածին, հասկանում եմ, որ որոշ դեպքերում պետք էր վարվել ուրիշ կերպ, լինել ավելի շրջահայաց կամ անհանդուրժող ու մի շարք հարցերի շուրջ ցուցաբերել այլ մոտեցում:

Իշխանությունից ընդդիմության անցման փաստը ու ժամանակին թույլ տված սխալներս դիտարկում եմ որպես մեծագույն դաս ու նախազգուշացում` հետագայում դրանցից խուսափելու համար։ Այդ սխալների համար ներողություն էլ հայցելու ունակ եմ, այս նամակն էլ արժե այդպես ընկալել: Ցավոք, սակայն, Ձեզ և Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Դուք փորձում եք կերտել այլընտրանքային իրականություն, խեղում եք ամեն ինչ, պատրաստ եք անգամ վերաձևակերպել ֆիզիկայի օրենքները, միայն թե չընդունեք, որ սխալ եք…

ՍԱԿԱՅՆ, ԱՎԱՂ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: Իրականություն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են, իրականություն է այն, որ Կարեն Կարապետյանը Ձեզ այնպիսի տնտեսական ցուցանիշներ թողած վարչապետ է, որը դուք տենց էլ չեք կարողանում գերազանցել, ասեմ ավելին` չեք էլ կարողանալու, իրականություն է այն, որ Դուք ժողովրդի հույսերը համախմբելով իշխանափոխություն իրականացրած և վարչապետ դարձած մարդ եք, իրականություն է այն, որ Միքայել Մինասյանը ՀՀ նորանկախ պատմությունը աննախադեպ և բացառիկ պատմական փաստով հարստացրած դեսպան է, իսկ Արթուր Վանեցյանը` Ձեր մասին իրականությունը իմացող նախկին պաշտոնյա:

Իրականությունն այն է, որ Ապրիլյանը հաղթանակ էր: Իրականություն է այն, որ Հին և Նոր Հայաստան չկա: Իրականություն է այն, որ այսօրվա նորերի մեջ ամենաշատն են նախկին իշխանությունից սնվածները, իրականություն է այն, որ օլիգարխներ եղել են և կան, իրականություն է այն, որ եղել է կոռուպցիա և կակոռուպցիա կա: Իրականություն է այն, որ Ձեր թիմը հիմնականում մեծամիտ է և տգետ` սովորելու ոչ ունակ: Իրականություն է այն, որ Դուք շատ եք ստել և ստում: Իրականություն է այն, որ կան նախկին պաշտոնյաներ, ովքեր արժանի են պատժվելու: Իրականություն է այն, որ սխալ է, որ ես այժմ եմ ասում այդ մասին, թեև մտածել եմ այդպես միշտ: Ու այսպես շարունակ….

Մի գաղտնիք բացեմ`
Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում համարյա չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, սակայն Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք պարզապես չկարողացաք: Եթե լինի հակառակը և Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ: Կնշանակի` որոշել եք կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ուրեմն դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ:

Հետհաշվարկը սկսված է:
Հ.Գ. Միակ բանը, որ Դուք մուտացիայի չեք ընթարկել, երեսպաշտությունն է` այն մշտական մեղք է: Ձեր թիմակիցները առավելագույն հմտությամբ են կիրառում այն: Ու յուրաքանչյուր անգամ, երբ իրենք արտաբերում են վիրավորանք, հայհոյանք, սրբություն, մայր, երեխա, ընտանիք բառերը, մեծ ցանկություն է առաջանում տեղադրել երկու տարի առաջ մեր բակ եկած լկտի հանրույթի վանկարկումների և պահվածքի տեսանյութը:

Նրանք ինձ մեղադրում էին այն մարդկանց արարքների համար, որոնք այսօր կողքիդ են, Նիկո՛լ: Սակայն չեմ անում` հարգելով ընտանիքիս զգացմունքները: Խաղաղություն Ձեզ և Ձեր ընտանիքին, հարգելի՛ Նիկոլ:
Հարգանքով` ձեր երբեմնի գործընկեր Արփինե Հովհաննիսյան
Հ.Գ.1 Գրեթե յուրաքանչյուր հեռացող իշխանություն փորձում է առավել վայրագ և անխնա կերպով օգտագործել իրավապահ համակարգը ու դատական իշխանությունը: Մատաղացու դառնալը յուրաքանչյուրի անհատական և գիտակցական որոշումն է: Առաջիկա օրերին այս Վերաբերյալ առավել մանրամասն կխոսենք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *