Նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարների մեջ կայացած հեռակա դիվանագիտական «փոխհրաձգությունից» այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին քննադատել են իր երկրում՝ ասելով, թե ինչո՞ւ «համարժեք պատասխան» չի տվել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Իսկ Մամեդյարովի գլխին առանց այդ էլ վերջին ամիսներին սև ամպեր են հավաքվում. նա իր պաշտոնը պահելու պրոբլեմ ունի: Ադրբեջանի արտաքին քաղաքականության բնագավառում, ըստ որոշ գնահատականների, գնալով ավելի ազդեցիկ է դառնում Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը,
և երկրի նախագահի հնարավոր փոփոխության պարագայում 16 տարի անընդմեջ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մամեդյարովի ապագա պաշտոնավարումը հարցականի տակ կհայտնվի: Ուստի այնպիսի հարցում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, նա, իհարկե, չի կարող պասիվություն կամ թուլություն դրսևորել, իր մրցակիցներն էլ թե՛ իշխանության ներսում, թե՛ իշխանությունից դուրս աշխատելու են օգտվել նրա ամեն սայթաքումից:
Այս իմաստով թե՛ Մամեդյարովի հասցեին հնչած քննադատությունները, թե՛ իր արձագանքը միանգամայն պարզ են: Այս շաբաթ նա հարցազրույց է տվել ադրբեջանական Minval.az լրատվական կայքին՝ կրկնելով իր հայտնի տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասսին: Իսկ ի՞նչ է մասնավորապես ասել Մամեդյարովը:
Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին ներկայացել էր խիստ ուշագրավ հայտարարությամբ՝ խոսելով բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ու մշակված տարբեր փաստաթղթերի վերաբերյալ: Լավրովն ասել էր, թե այդ փաստաթղթերը, մասնավորապես՝ անցած տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացված նախագիծը,
ենթադրում է առաջխաղացում հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա, ու առաջին փուլում պլանավորվում է «առավել արդիական խնդիրների լուծումը», մասնավորապես նախկին ԼՂԻՄ-ին հարակից մի շարք շրջանների «ազատում», այսինքն՝ հանձնում Ադրբեջանին: Արձագանքելով իր ռուսաստանցի գործընկերոջ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր խոսքում նշել էր, որ այդ մոտեցումները, որոնք ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, ընդունելի չեն հայկական կողմերի համար:
Նախարարի խոսքերով՝ 2014 թվականին քննարկված օրինակը հիմա բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Իսկ ինչ վերաբերում է «տարածքներին», ապա դա ամենից առաջ անվտանգության գոտի է, և հնարավոր չէ ենթադրել, որ հայկական կողմերից որևիցէ մեկը կարող է գնալ այդպիսի զիջումների, որոնք կարող են վտանգել Արցախի բնակչության անվտանգությունը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.