Moderna Therapeutics դեղագործական ընկերությունը, որը հիմնադրել է հայտնի բիզնեսմեն Նուբար Աֆեյանը, եւ Lonza Group AG-ն նախատեսում են արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը:
Փորձարարական mRNA-1273 պատվաստանյութը, որը մշակել է Moderna ընկերությունը, վաղ փուլերում փորձարկում է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Առողջապահության ազգային ինստիտուտում: Արտադրողը նախատեսում է 2-րդ փուլի փորձարկումները սկսել 2-րդ եռամսյակում:
Համագործակցության մասին տասնամյա համաձայնագրին համապատասխան՝ ընկերությունները մտադիր են տարեկան արտադրել պատվաստանյութի մինչեւ միլիարդ դեղաչափ. ակնկալվում է, որ պատվաստանյութի 1-ին խմբաքանակները պատրաստվելու են հուլիսին:
«Կողմերը մտադիր են լրացուցիչ արտադրական լրակազմեր ստեղծել Lonza-ի ձեռնարկություններում, ինչը վերջնարդյունքում թույլ կտա ողջ աշխարհում օգտագործելու համար արտադրել mRNA-1273-ի տարեկան 1 միլիարդ դեղաչափին համարժեք նյութեր»,- նշված է ընկերությունների հայտարարության մեջ:
Ապրիլին Moderna-ն ԱՄՆ կառավարական գործակալությունից չորս հարյուր ութսուներեք մլն դոլարի ֆինանսավորում էր ստացել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար: Բազելում բազավորված Lonza դեղագործական, կենսատեխնոլոգիական եւ սնունդի ընկերությունը ավելի քան քառասուն հարցում է ստացել կորոնավիրուսի հետ կապված նախագծերի վերաբերյալ: