Ես ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված…Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր անձը գրառում է կատարել

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր անձը Քնարիկ Հարությունյանն է, որը Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականն է։

Նա հանդես է եկել հայտարարությամբ․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ աշխատակազմում հաստատված դեպք կա։ Խոսքն իմ մասին է։ Որևէ խնդիր չեմ տեսնում չբարձրաձայնելու, հատկապես, երբ որոշ լրատվականներ արդեն հասցրել են առանց ինձ հետ համաձայնեցնելու կեղծ տեղեկատվություն տարածել։ Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ:

Ես սկսել եմ ջերմել մայիսի 2-ին: Ինչպես գրում են որոշ լրատվականներ, որ տեւական ժամանակ ջերմել եմ, սխալ է: Հավատացեք, ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, բացի դրանից, շատ լավ գիտեք, որ Ազգային ժողովում ամեն օր կատարվում է ջերմաչափում։ Ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէի կարող ջերմությամբ ԱԺ շենք մտնել, թույլ չէին տա։

Ինչպես արդեն նշեցի, ջերմել եմ մայիսի 2-ին, շաբաթ օրը ու այդ մասին տեղյակ եմ պահել իմ անմիջական ղեկավարին։ Որոշում ենք կայացրել, որ չեմ ներկայանա աշխատանքի, մինչև պարզենք պատճառները։ Վերջին անգամ աշխատանքի եմ եղել ապրիլի երեսունին՝ հինգշաբթի օրը։

Այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ միգուցե արդեն վարակված եմ: Հաջորդը, որոշ լրատվականներ գրել են, որ ԻՆՏԵՆՍԻՎ մասնակցել եմ պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Դահլիճում եղել եմ մոտ հինգից տասը րոպե, տեսագրությունը կա։

Ինչպես եմ վարակվել. շփում եղել է ապրիլի 28-ին և 29-ին արդեն վիրուսը կրող մարդու հետ: Այդ պահին բնականաբար, հաստատված չի եղել COVID 19-ը վերջինիս մոտ: Երբ շաբաթ օրը սկսեցի ջերմել, ինքնամեկուսացել եմ, հետո դիմել բուժօգնության։

Ես ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված։ Հիվանդությունը թեթև է անցնում, առանց լուրջ բարդությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, դուք ֆանտաստիկ լավն եք։ Առողջ եղե՛ք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *