ՀՀ Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք վարչապետին փորձում են համոզել, որ սա վտանգավոր է. Ստյոպա Սաֆարյան

Մեր զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ Պարոն Սաֆարյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ՍԴ հարցի լուծման իշխանության նախաձեռնած քայլերը դարձյալ հակասահմանադրական են, որ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը 12 տարով սահմանափակելու հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեով, ոչ թե ԱԺ-ի միջոցով: Դուք ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քայլը ՍԴ-ի հարցի լուծման ճանապարհին:

«Ես ճիշտն ասած, առիթ ունեցել եմ բազմիցս գնահատականները տալու և ասելու, որ նախկին իշխանությունները գրել են մի Սահմանադրություն, որի տարբեր դրույթներ իրենք իրենց են հակասում: Այսինքն պարոն Հարությունյանը և ուրիշ իրավաբաններ, որոնք մասնակից են եղել Սահմանադրության մշակմանը, իրենք են իրազեկ այդ իրար հակասող դրույթներից: Օրինակ,  ենթադրենք սահմանադրական հանրաքվեի ուղին սխալ էր, թեպետ դա սխալ չէր, իրենք ասում են՝ դա մի արեք, քանի որ այն, որ ասում եք՝ ՍԴ անդամն անդամ է, իսկ դատավորը՝ դատավոր, այդպես չէ, անցումային դրույթներում ՍԴ անդամի

կարգավիճակը հավասարեցված է Սահմանադրաության դատարանի դատավորի կարգավիճակին: Լավ, բա որ հավասարեցված է, և ՍԴ յոթ անդամների վերանշանակման կարիք չկա, այդ դեպքում այդ 7-ից 4-ն ի՞նչ գործ ունեն ՍԴ-ում, եթե իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտված է: Չէ՞ որ դուք եք գրել, որ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է: Հետևաբար տասներկու տարին գերազանցած ՍԴ անդամի լիազորությունները, որ անցումային դրույթներով, ինչպես դուք եք ասում, հավասարեցրել եք ՍԴ դատավորի կարգավիճակին, այդ պարագայում ի՞նչ գործ ունեն նրանք ՍԴ-ում, եթե նրանց պաշտոնավարման 12 տարին լրացել է: Հենց այստեղ է երևում, որ իրենց գրած Սահմանադրության դրույթները մեկը մյուսին հակասում են: Այժմ ի՞նչ են ուզում ասել, ուզում են ասել՝ թող ՀՀ նոր իշխանությունները մնան իրենց գրած փնթի դրույթների պատա՞նդը: Չի կարող

այդպես լինել: Այդ նույն անցումային դրույթների հայտնի մեկնաբանության համատեքստում հարց է ծագում, թե Դավիթ Հարությունյանը ու մյուսները այդ նախադասությունն ինչո՞ւ են գրել, ըստ որի ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է: Այդ պարագայում՝ ինչո՞ւ եք գրել, որ ՍԴ-ն նախագահ ընտրում է իր կազմից: Այսինքն, Այժմ ինչպես սահմանադրական հանրաքվեի ժամանակ էին ընկել իրենք իրենց հյուսած ծուղակը, այնպես էլ այս մի լուծման դեպքում են ընկել այդ ծուղակը: Նախկինում էլ ծուղակի մեջ էին ընկնում, քանի որ հավասարեցված չեն կարող լինել մարդիկ, որոնք հավասար չեն իրենց առաջադրված պահանջներում: Բայց քանի որ կորոնավիրուսի պատճառով իշխանությունը հանրաքվե չի կարող իրականացնել և գնում է այն ճանապարհով, իրենք ընկնում են մյուս ծուղակը, որի պատասխանը չունեն:

Ես մի բանում համաձայն կլինեի Դավիթ Հարությունյանի հետ, որ ուզում են ազատվել ՍԴ այս կազմից: Այո, ճիշտ եք ասում, ցխնկանում են ազատվել, քանի որ այդ կազմը հաստատապես սահմանադրական արդարադատություն չի իրականացնում: Այդ կազմը տարբեր թելերով կապված է եղել նախկին իշխանությունների հետ, և ահա, նախկին իշխանությունները չեն ուզում, որ իրենց վերահսկողության տակից դուրս գա ՍԴ-ն: Իսկ եթե նոր իշխանությունը փորձի իր վերահսկողության տակ առնել ՍԴ-ն, Դավիթ Հարությունյանը թող անհոգ լինի, մենք բոլորս կպայքարենք դա թույլ չտալու համար, քանի որ այս ամենին աջակցում ենք մի բանի պատճառով, որպեսզի ՍԴ-ն իրականացնի ոչ թե օրվա

իշխանության թելադրած արդարադատությունը, այլ Սահմանադրության թելադրած արդարադատությունը: Եվ եթե պետք լինի, այո, նաև այս իշխանության դեմ կպայքարենք, այս իշխանության վերահսկողության տակից կհանենք Սահմանադրական դատարանը, եթե այն հայտնվի սույն կարգավիճակում, ինչ հայտնվել էր ՍԴ-ի ստեղծման պահից ի վեր՝ նախկին իշխանությունների հսկողության տակ»։ Եթե իշխանությունը Վենետիկի հանձնաժողովից չստանա իր համար ցանկալի տեսակետ, այնուամենայնիվ, ՍԴ հարցը պե՞տք է լուծվի:

«Այո, պիտի լուծվի: Վենետիկի հանձնաժողովը չի գալու Հայաստանում իրականացնի սահմանադրական արդարադատություն: Ես, ճիշտն ասած, կասկածում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը ցանկալի եզրակացություն չտա, քանի որ Վենետիկի հանձնաժողովն էլ այս հարցերի պատասխանը չունի: Վենետիկի հանձնաժողովն անուղղակի ընդունել է նախկին Սահմանադրության այս արատները: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել՝ գիտեք ինչ, մի կողմ թողեք ամեն ինչ: Ժամանակի հաշվարկի մասով Սահմանադրության մեջ ոչինչ չի

գրված, չի գրված, որ եկեք զրոյացնենք չորս դատավորների պաշտոնավարման ժամկետը, մոռանանք, որ նրանք տասնյակ տարիներ դատավոր են եղել և թույլ տանք, որ ևս 12 տարի պաշտոնավարեն: Վենետիկի հանձնաժողովը մեծագույն ցանկության պարագայում անգամ դա չի կարող գրել: Վենետիկի հանձնաժողովն ընտրելու է այդ խնդրի լուծման որևէ տարբերակ: Սա, թերևս, ամենափոքր լուծումն է, որ եթե չորս դատավորների ժամկետն ավարտվել է, ապա նրանք պետք է դուրս գան ՍԴ-ից: Եթե անգամ Վենետիկի հանձնաժողովը դեմ գնա այս ամենին, ներեցեք, բայց Վենետիկի հանձնաժողովը չի գալու Հայաստանում քաղաքացու համար արդարադատություն իրականացնի:

Այդ պարտավորությունը ՀՀ իշխանությունների վրա է, որը պարտավոր է ապահովել այնպիսի դատարան, որը կիրականացնի սահմանադրական արդարադատություն: Հետևաբար, ես չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը այս լուծումներին դեմ լինի»: Շատերը նշում են, որ իշխանությունը փաստորեն հրաժարվել է իր որդեգրած գծից՝ ասելով, որ ամբողջական վեթինգի համար պետք է Սահմանադրությունը փոխել: Ըստ ձեզ, ի՞նչն էր վեթինգից հրաժարվելու պատրվակը:

«Ես կարծում եմ՝ պատճառը վարչապետի վատ խորհրդատվությունն է, և բոլոր կողմերից նրան համոզել են, թե իբր բոլորիս պատկերացրած վեթինգը հնարավոր չէ, որ դրան խոչընդոտում է Սահմանադրությունը: Սահմանադրությունը չի խանգարում ազատվել այն դատավորներից, որոնց կայացրած անարդար վճիռների պատճառով ՄԻԵԴ-ը պատժել է Հայաստանին իր վճիռներով: ՀՀ Սահմանադրությունը չի կաշկանդում որևէ ձև

ազատվել այն դատավորներից, որոնք իրականացրել են քաղաքական դատավարություններ, իրականացրել են քաղաքական հետապնդումներ, ու դրանց շատերի մասին ևս ՄԻԵԴ-ը ընդունել է որոշումներ: Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրությունը չեն արգելում, որ որևէ ստեղծված մարմին ուսումնասիրի դատավորների անձնական փոխկապակցվածությունները, գույքային և այլ խնդիրները, որոնք արդյունք են արդարադատության խեղման հաշվին կայացված որոշումների, պարզել այդ որոշումների կապը այլ շրջանակների հետ: Այսինքն, այս ամբողջը չի արգելում

Սահմանադրությունը, սակայն, ցավոք սրտի, Հայաստանում հավանաբար իշխանության մեջ կան մարդիկ, որոնք վարչապետին փորձում են 4 կողմից համոզել, որ սա վտանգավոր է, սա չի կարող լինել, անհնար է: Նման կարծիքներ արտահայտողները, քանի որ իրենք են իրականացնողները, փորձել են կառչել չեղած օրենքի տառից և ոգուց ու համոզել են նրան: «Ես կարծում եմ, որ անկախ այդ շրջանակների բուռն ցանկություններից, վեթինգն առաջ է գնալու: Ես կասկած չունեմ, որ վարչապետը ինչպես նախորդ տարվա մայիսին, այնպես էլ այսօր ուզում է և պատասխանատու է բոլորիս առաջ ապահովելու անկախ դատական իշխանություն և

արդարադատություն: Մենք էլ ենք հոգնել մեր քաղաքացիներից ստացած հարյուրավոր նամակներից ու խեղված իրավունքների համար: Մենք չենք կարող այս հարցերի պատասխանը թողնել նախկին իշխանությունների վրա ու ասել՝ գիտեք, նախկիններն են ստեղծել այս համակարգը, բավարարվեք սրանով: Ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար տանելու ենք վեթինգի այս գործընթացը: Այս կտրվածքով, որքան էլ ինչ-որ քնքուշ վեթինգի տարրեր նախատեսվել են, այնուամենայնիվ, հնարավորություն ունենք քաղաքացիական հասարակության, ժողովրդի պահանջով դա տանել խստացման ու ապահովել դատական համակարգում

այդ համակարգին պատշաճող դատարաններ ու դատավորներ ունենալուն: Ես հատուկ ուզում եմ նշել, որ բոլորն էլ հասկանում են, որ դատական համակարգին տրված մեր գնահատականները թող համակարգի ազնվագույն, պարկեշտ դատավորներն իրենց վրա չտարածեն: Խոսքը չի վերաբերում բոլորին, և շատերն պարզապես պետք է այդ պայմանները ստանան ապրելու, ստեղծագործելու, աշխատելու այդ դատական անկախության տիրույթներում: Իսկ նրանք, որոնք չեն համապատասխանել ու չեն համապատասխանում, կլքեն համակարգը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *