Որոշումն այսօր ուժի մեջ մտավ. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա․․․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 18-ի նիստում:

Այս կարգավորումը ուժի մեջ է մտնում հուլիսի մեկից։ Այն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ ու փոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝

ոչ միայն կրկնակի կավելանա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված ոի փաստացի բնակվող, չաշխատող կանայք:

Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի մեկից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև երկու տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:

Նշենք, որ խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում այն քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել ու փաստացի բնակվել է առնվազն 1 տարի անընդմեջ՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի յոթանասուն օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից (այն ենթադրությամբ, որ աշխատող ու չաշխատող մայրերին նախածննդյան յոթանասուն օրվա և հետծննդյան յոթանասուն օրվա համար տրվում է մայրության նպաստ):

Եթե մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից։ Բացի այդ, երկարացվել է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն դառնալով տասներկու ամիս, իսկ նպաստի գումարը լիազորագրով կվճարվի ոչ թե վեց ամիս, այլ 12:

Փոփոխությունների համաձայն՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կվճարվի անցած ողջ ժամանակահատվածի համար՝ ներկայումս գործող վեց ամսվա փոխարեն: Վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *