Ես երկար եմ մտածել պատասխանել, թե ոչ, սակայն… Արցախի Նախագահի ջախջախիչ հարվածը Քոչարյանին և սատարող խոսքը ներկայիս իշխանությունների մասին

Ես երկար եմ մտածել պատասխանել, թե ոչ Արցախի 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես արձագանքեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի խնդրանքին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի

հայտարարությունը առ այն, որ Արայիկ Հարությունյանը ենթարկվում է Հայաստանի իշխանություններին: «Երևի ենթակա ասելով նա նկատի ունի, որ ես իմ պաշտոնավարման հարյուր օրվա ընթացքում ավելի շատ եմ հանդիպել Հայաստանի վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ ՀՀ ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում: Այս մի քանի ամիսների ընթացքում շատ ավելի մեծ մասնակցություն

ու ներգրավվածություն եմ ունեցել մեր 2 երկրների անվտանգային ծրագրերին, քան եղել է առաջ: Երևի նա նկատի ունի, որ անցյալում ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր չեն եղել, այժմ լինում են»,- հավելեց ԱՀ նախագահը: «Չեմ ցանկանում շատ փաստեր բերեմ, սակայն գոնե ես տեղյակ եմ նախկինում ՀՀ իշխանությունների վերաբերմունքին

Արցախի իշխանություններին և ներկայիս իշխանությունների վերաբերմունքին: Մի փաստ էլ հայտնեմ և սահմանափակվեմ: Ես ժամանակին եղել եմ Արցախի խորհրդարանի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում նրան ասել եմ, որ Արցախի ֆինանսական համակարգը զարգացնելու համար պետք է ԱՀ կառավարությունը թողարկի ֆինանսական պարտատոմսեր, պատասխանը

չեմ ասի»,- փակագծերը չբացեց ԱՀ նախագահը: Ըստ նրա’ այսօր Արցախի ֆինանսական համակարգը համարվում է Հայաստանի ֆինանսական համակարգի մի մաս, սակայն շատ ավելի մեծ ինքնուրունություն ունի քան երբևէ: Հայաստանի կառավարության երաշխիքները ընդունվում են, պարտատոմսերը համարվում են պետական պարտատոմսեր. «Այն ժամանակ դա չկար, շատ բաներ չեմ էլ կարող բարձրաձայնել»,- ասաց նա: Ապա Արցախի

նախագահը անկեղծացավ. «Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա ՀՀ-ի մաս, դա մեր բոլորիս երազանքն է, սակայն դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի և այս հարաբերությունները նպաստում են Արցախի և ՀՀ անվտանգային համակարգի, սոցիալ- տնտեսական զարգացմանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *