Shantnews.am-ը գրում է. Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը փոխեց տասնչորս տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Տղան իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ
կալիֆորնիական ճագարներ։ Աջակցեցին մասնագիտական խորհրդատվությամբ եւ նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դպրողին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի ու մորթու վաճառքի կայուն հեռանկարներ: Տասնչորս տարեկան, բայց արդեն ձեռներեցության, ինքնուրույն տնտեսվարման որոշակի փորձով Միքայելի համար դպրոցից հետո այլ առօրյա է սկսվում։ Ամեն օր գալիս է իր փոքրիկ ֆերման, մաքրում, խնամում ու կերակրում կենդանիներին։
Ճագարաբուծության համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները, նույնիսկ վանդակներում ջրի ինքնահոս համակարգ է տեղադրել, ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունն է կիրառել, ինչի հետևանքով ճագարները ջրից օգտվում են առանց մարդու միջամտության։ «Ջուրն ավտոմատ համակարգով է, էլ պետք չէ ճագարներին ջուր տալու։
Ջուրը լցնում եմ այստեղ, ինքը ֆիլտրում, մաքրում է, և ճագարները խմում են մաքուր ջուր»,- նոր համակարգի արդյունավետության մասին է պատմում Միքայել Սարգսյանը։ Միքայելի համար նապաստակներ պահելը հոբբիից վերածվել է ձեռներեցության: Վանդակներում ճագարներն առանձնացված են: 1-ին ու 2-րդ հարկերում մայրացուներն են, իսկ երրորդ հարկում՝ արուները: Բազմացման պահին Միքայելը հատուկ ուշադրություն է դարձնում ճագարների ընտանեկան կապի բացառմանը, ինչի շնորհիվ կծնվեն
միայն առողջ ձագուկներ: Իսկ կալիֆորնիական ցեղատեսակի ճագարներն ամենաշատ ձագերն են ունենում։ Կենդանասեր տղայի համար փափկամազ կենդանիների հետ կապված ամեն մանրուք ուշադրության է արժանանում։ Ունի հատուկ նշումների նոթատետր, այսպես ասած ՝ ամբուլատոր քարտ, որտեղ գրում է բոլոր 30 ճագարների քաշի, ընտանեկան կազմի, պատվաստումների մասին տվյալները։ «Էս տետրը ես եմ կազմել, ամեն ամիս ճագարներին կշռում եմ, թե ինչքան են աճել, նաև մայրացուների
ձագ տալու օրերն եմ նշում, թե որը քանի ճագար է ունեցել, և արդյո՞ք մայրական բնազդը նորմալ է եղել, թե ոչ»,- տետրը ցույց տալով պատմում է Միքայելը։ Անգամ ուսումնասիրել է ճագարների մսի բաղադրությունն ու պարզել, որ այս փափկասունների միսը շատ օգտակար հատկություններ ունի։ «Ճագարի միսն ամենադիետիկն է, միակ միսն է, որ խորհուրդ է տրվում փոքրիկներին, քանզի շատ դյուրամարս է։ Շուկայում մեծ պահանջարկ կա։ Մեր երկրում մոտ տասը տոննայի դեֆիցիտ կա»,-նշում է
երիտասարդ ճագարաբույծը։ Ճագարաբուծությանը զուգահեռ Միքայելը նաև գո մաղբի վերամշակման է անցել։ Հատուկ տեխնոլոգիայով ստանում է ազոտական պարարտանյութ: Պարարտանյութի ստացման գործում օգնում են նաև որդերը, որոնք փխրեցնում են այն ու վերածում միասեռ զանգվածի։ «Ես մշակում եմ նաև ճագարների 2-րդ պրոդուկտը,
անչափ արժեքավոր պարարտանյութ է։ Մաքրելուց հետո գոմաղբը լցնում եմ մի տեղ, հետո 3 օրը մեկ ջրում եմ, իրա միջից ազոտը դուրս է գալիս։ 1 տոննա գո մաղբից ստացվում է մոտ 7հարյուր կգ կենսահումուս»,- պատանի ձեռներեցը պարզաբանում է մշակման տեխնոլոգիան։ Ստացված պարարտանյութը հնարավոր է օգտագործել այգիների, բաջարանոցների պարարտացման համար։ Վնասակար ազդեցություններ չունի։ Արդեն մի
քանի պարկ վաճառել է գյուղատնտեսներին։ Մի քանի ամսից տասնչորս տարեկան ճագարաբույծ-ֆերմերն ընդլայնելու է ֆերման, արդեն նոր վանդակներ է սարքել։ Ֆերմերային տնտեսություն վարելու նրա փորձով արդեն հետաքրքվել են բազում ճագարասերներ: Եվ ամենակարևորը՝ Միքայելի օրինակով հասակակից ու ավելի փոքր տարիքի գյումրեցի պատանիներ ձգտում են հաջողություններ ունենալ ձեռներեցության ոլորտում։