Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցհարթակում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և նմանատիպ այլ տեղեկատվական հարթակներ, բազում կեղծ
օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես տվյալ օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված մարդկանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազում երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց զատ՝ իրենց
մեջ պարունակում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ: Նախնական տվյալներով պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են զանազան ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ
աշխատանքներ: Այս ամենով հանդերձ մեր հասարակությանը կոչ ենք անում տուրք չտալ այդպիսի տեղեկություններին, չտարածել նման կայքերում ու տարբեր հարթակներում առկա սուտ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից: