«Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր․․․»․ մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, քանի որ Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով ու վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:

Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չթերանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, որովհետև մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ ու պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից:

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *