Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում դավաճանների ցանց է հայտնաբերվել: Նա ասել է, որ այդ մասին ուրիշ տեղեկություն ասել չի կարող:
Դավաճանների մասին օրեր առաջ իրավապահների հետ խորհրդակցությանը խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ այնուհետև ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Երբ ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ հայտնաբերվել է դավաճանների ցանց, խոսակցությունը ստանում է շատ մանրամասն իրավական երանգ:
Ովքե՞ր են դավաճանները, որոնք հայտնաբերվել են, ի՞նչ ցանցի մասին է խոսքը, ինչպե՞ս է այն գործել, ո՞ր հարցում, ի՞նչ ուղղությամբ: ԱԽ քարտուղարը հայտարարում է, որ քաղաքացիները չունեն անհանգստանալու կարիք: Իսկ ինչո՞ւ քաղաքացիները պետք է ապավինեն այդօրինակ հայտարարություններին:
Բացարձակապես Հայաստանում պետք է լրջորեն խորհել կառավարության ու հանրության մեջ հաշվետվողականության մեխանիզմի մասին: Եթե հայտարարվում է, օրինակ, որ հայտնաբերվել է դավաճանների շարք, ուրեմն այդ պարագայում քաղաքացուն գուցե պետք է ոչ թե հավաստիացնել, որ ամեն ինչ կարգին է, այլ ցույց տալ, որ կարգին է:
Իսկ դրա համար պետք է ցույց տալ հայտնաբերված դավաճաններին: Հակառակ պարագայում, կամ պետք է պարզ ու հստակ արձանագրել, որ դավաճանությունը, այսպես ասած, բարոյա-քաղաքական հռետորաբանության կատեգորիայում է, կամ բացարձակապես ձեռնպահ մնալ նման բացահայտումների մասին հայտարարություններից՝ եթե հնարավոր չէ ներկայացնել ավել մանրամասներ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.