ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ, ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒ՞Ն․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Armeniasputnik.am-ը գրում է․ Ինչն է պատճառը, որ մարդիկ դավադրության տեսություններ են հորինում ու սկսում հավատալ դրանց։ Հոգեբանները բացատրում են, թե ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում մարդկանց ամենից շատ մտահոգում է անորոշությունը, նրանք անպայման ցանկանում են հասկանալ, թե ինչ և ինչու է կատարվում։

Եկեք անկեղծ լինենք։ Այնքան սարսափելի չէ կորոնավիրուսը, որքան դրա շուրջ պտտվող պատմությունները։ Ինչ անհեթեթություն ասես տարածում են։ Եվրոպական թերթերից մեկը որպես նման ֆանտաստիկ ասեկոսեների օրինակ բերում է այն լուրը, իբր կորոնավիրուսը՝ թագախտը, սկսել է տարածվել աշխարհում այն բանից հետո, երբ հանրահայտ երգչուհի Մադոնան անցած տարի ելույթ է ունեցել թագով, պարողները հակագազներով էին, իսկ երգում էլ այսպիսի տող կար՝ «Ոչ բոլորը կհասնեն ապագային»։ Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ էսպիսի բաների են ոմանք հավատում։

Ինչն է պատճառը, որ մարդիկ դավադրության տեսություններ են հորինում ու սկսում հավատալ դրանց։ Հոգեբանները բացատրում են՝ ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում մարդկանց ամենից շատ մտահոգում է անորոշությունը, նրանք անպայման ուզում են հասկանալ, թե ինչ և ինչու է կատարվում, ցանկանում են համոզվել, որ այնուամենայնիվ ամեն ինչ վերահսկվում է՝ դրա համար էլ հավատում են ամենաանհավանական կասկածներին։

Մասնագետներից մեկը այսպես է բացատրում դավադրության տեսությունների ծագումը։ Ենթադրենք՝ ձեր տան շքամուտքի դուռը սկսում է ճռռալ, շատ ուժեղ ճռռալ, առաջ երբեք այդպես չէր ճռռում ու միաժամանակ չես հասկանում՝ ինչու սկսում են թափվել ձեր կատվի մազերը։ Ու դուք ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավարի օրինակով մտածում եք՝ զուգադիպությո՞ւն է՝ չեմ կարծում։ Հետո դուրս եք գալիս տանից ու նկատում, որ ձեր շենքի հարևանությամբ ինչ-որ շինարարություն է սկսվել, ցուցանակի վրա էլ գրված է, որ շինարարությունն իրականացնում է մի ընկերություն, որը պատկանում է այսինչ ազգի ներկայացուցչին։ Շրջանը փակվեց՝ այս ազգի ներկայացուցիչը ամեն ինչ անում է, որ վնաս հասցնի ինձ՝ դռան ճռռոցից չկարողանամ քնել, կատվիս մազերն էլ թափվեն։

Կոնկրետ այս կորոնավիրուսի հետ կապված դավադրության ամենատարածված տեսությունը հայտնի է։ Ինչ-որ լաբորատորիայում կենսաբանական զենք էր մշակվում և այդ վիրուսը ինչ-որ կերպ դուրս է պրծել։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սեմյոն Եսիլյովսկին այդ վարկածն այսպես է գնահատում։ Եթե այդ վիրուսը որևէ մեկը մտադրվում էր օգտագործել որպես զենք, ապա նման մասնագետին պետք է երկուս նշանակել, քանի որ նա պարզապես շատ վատ է աշխատել։ Այս վիրուսով վարակվածների գերակշիռ մասը ապաքինվում է, մինչդեռ, ասենք, սիբիրյան ժանտախտի դեպքում կորուստները կեսից ավելին են։

Սակայն որքան էլ մասնագետները հիմնավորեն դավադրության տեսությունների անհեթեթությունը, մարդիկ միևնույն է հավատում են նույնիսկ ամենաարտառոց պնդումներին։ Գերմանական թերթերից մեկը գրում է, որ այսպիսի վարկած էլ է շրջանառվում․ մութ ուժերը, այսպես կոչված իլյումինատները, փորձում են կործանել մարդկությունը։ Եվ նրանք այնպես են անում, որ շարքից հանեն որոշ առաջնորդների։ Օրինակ՝ Արքայազն Չարլզին, Բորիս Ջոնսոնին և Անգելա Մերկելին։ Ի դեպ, այս տեսության կողմնակիցները պնդում են, որ երբ ամեն ինչ ավարտվի, Անգելա Մերկելը կվերադառնա, սակայն իրականում դա լինելու է ոչ թե Մերկելը, այլ նրա նմանակը։

Ինչպես պայքարել չար ուժերի դեպ։ Էս դեպքում էլ արտառոց առաջարկներ կան, ընդ որում՝ որոշ դեպքերում, ակնհայտ նպատակը շահույթ ստանալն է։ «Տագեսշպիգել» պարբերականը փաստում է, որ համացանցում մի օգտատեր այսպիսի առաջարկ է անում՝ եթե կասկածում եք, որ հիվանդ եք, փոխանցեք իմ հաշվին երկու հարյուր եվրո և ես ձեզ կբուժեմ դիստանցիոն եղանակով, այսինքն՝ մտքի ուժով։

Գոյություն ունի նաև համաճարակի դեմ պայքարելու այսպես ասած թվային տարբերակը։ Բառիս բուն իմաստով թվային։ Գերմանացի մի կին ասում է՝ բոլոր հասարակական վայրերում փակցրեք թղթեր, որոնց վրա գրված լինի հետևյալ թիվը՝ 537354։ Ինչու հենց այդ թիվը՝ չի բացատրում, բայց ռուսաստանցիներից մեկն արդեն հակադարձել է՝ այդ թիվը սխալ է, գրեք՝ 4986489։

Ամփոփելով դավադրության տեսություններն, այնուամենայնիվ նշեմ, որ ոչ բոլոր նման տեսություններն են մռայլ։ Կա նաև էսպիսի վարկած՝ այն, ինչ կատարվում է հիմա աշխարհում, իհարկե, ցավոտ գործընթաց է, սակայն դա հանգեցնելու է նրան, որ մարդկությունը կդառնա ավելի մաքուր, ավելի խոհեմ և ավելի ուժեղ։ Եթե հակված ենք հավատալու տարբեր տեսություններին, եկեք գոնե այս լավատեսական հեռանկարին հավատանք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *