Հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանի դիպուկ անդրադարձը՝ կորոնավիրուսի լայնորեն տարածման մասին

Հայաստանում պետք է մասսայական տեստավորում անցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ պետք է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:

«Այս պահի դրությամբ համավարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարրդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ աշխատանք է, բայց միայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոններում վերահսկել իրավիճակը, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,-ասաց նա:

Բժշկի կարծիքով` պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է կառավարել հակահամաճարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից եւ պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ անձի վրա, այլ ինքդ պետք է կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, հատկապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ, թե ինչպես են մտածում»:

Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի արդարությունը, ասում է, որ նախարարը ճշմարտությունն է ասում, սակայն գտնում է, որ հասարակությունը այժմ այնպիսի հոգեբանկան դրության մեջ է գտնվում, որ գոնե օրը մեկ անգամ պետք է ասուլիսով հանդես գան բանիմաց հոգեբաններ կամ այլ մասնագեներ, ովքեր կմեղմեն առանց այդ էլ լարված իրավիճակը:

«Մենք շատ մարդիկ ունենք նեւրոզներով, որոնց վրա այս ինֆորմացիան շատ դեպրեսիվ, կաթվածային եւ կործանարար ազդեցություն կարող է ունենալ: Դրա համար պետք են հոգեբաներ, կամ այլ մասնագետներ, ովքեր ժողովրդի հետ կզբաղվեն: Պետք չի միայն թվային ինֆորմացիա տալ ու վերջ: Առանց այդ էլ տանջված ժողովուրդ է, ամեն օր մի լավ հոգեբան կամ կառավարության անդամ պետք է խոսի անելիքների վերաբերյալ, պետք չի ամեն ինչը գցել միայն առողջապահության նախարարի վրա»,- ասաց նա:

Վիրաբույժը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է: «Ես վստահ եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն զանգվածային տեստավորում անելուց հետո: Ժողովուրդը ինքը պետք է պատասխանատու լինի եւ յուրաքանչյուրը պետք է իր անձնական հիգիենայի վերաբերյալ մտածի, խուսափի շփումներից, պետք է իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը կարծում է, որ պետք է խստացվեն մեկուսացման կանոնները. «Հիմա ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»: Բժիշկ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում վաթսունհինգից բարձր տարիք ունեցող կալանավորված մարդկանց կալանքը փոխարինել տնային կալանքով, քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանի որ վարակը հատկապես վտնագավոր է նրանց համար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *