Հինգ րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո

Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը տասը օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Նա անգամ կլինիկական մ ահ է տարել։ Իր զգացողությունները, տեսածն ու լսածը Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։ Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր, թե դեմքիս կկպչի։ Շուրջս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ մարդիկ էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։

«Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պատերազմի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու ու քո այս պահի դրությունը։ Օգնիր, որ մենք ու դու հաղթենք։ Լսեցի՞ր, Գայ… Ու չվախենաս, այժմ խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացված։ Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ պետք է, գրի»։ Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա 1-ին մարդն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց հետո։

Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։ Ողջ գիշեր էստեղ են եղել, հիմա էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։ -Ամբողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց, ի՞նչ ողջ գիշեր,– էլի մի կերպ գրում եմ։ -է՜ Գայ, չորրորդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։

Շաբաթներ անց պիտի հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «հինգ րոպե կլինիկական մ ահն էր»… Հիմա շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։ Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։ Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում հասկանալ, ի մի բերել գլխովդ անցածը, միայն դրվագներ են աչքիդ առաջով անցնում։

Շտապօգնության մեքենայի ներսում 1-ին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ դեմքիս։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգ։ Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում… Արդեն 2 շաբաթ անց հազիվ էի հավատալու, որ հասարակ թոքաբորբը կարող էր թերի բուժվել ու ամիսների ընթացքում ինձ հասցնել

վերակենդանացման բաժանմունք։ Սա շատ դաժան տեղ է, այդտեղ տասը օր մնալուցս երեք ամիս է անցել, սակայն դեռ գիշերները մղձավանջից վեր եմ թռչում, ինձ թվում է` խողովակներով եմ շնչում, սնվում, ապրում, դեռ խողովակներն ինձ խեղդում։ Ու ամեն անգամ 5-7 րոպե է պահանջվում, որ հետ գամ մղձավանջից ու հասկանամ՝ սա իմ ննջասենյակն է ու կողքերս ոչ թե բաժանմունքի սարսափելի մահճակալներն են, այլ՝ աղջիկներիս օրորոցները։

Երբ ամուսինս ու քույրս ինձ հիվանդանոցից տուն էին բերում, 15-րդ թաղամասից Դավթաշեն տանող նորակառույց ճանապարհի մի հատվածում շատ անբնական ձայնով բղավեցի, քանի որ տարածքը ճանաչեցի. ցածր առաստաղով սենյակն այդտեղ էր, գետնի տակ, ու ես, մեծ քթերով մարդիկ` բոլորս հենց էդտեղ էինք։ Գուցե մինչև կյանքիս վերջը չհասկանամ՝ ինչու՞ հենց այդ հատվածում, ի՞նչ կա այդ նորակառույց ճանապարհի տակ, բայց էպիկրիզի «5 րոպե սրտի կանգը» փաստորեն, ինձ այդտեղ էր բերել։

Սահմանաբաժանի տասը օրերից տասը դրվագ հազիվ եմ հիշում… Ձեռքս ինչ-որ մեկը շատ ջերմ ու ամուր բռնել էր։ Մթագնած գիտակցության մշուշում հանկարծ այնքան ապահով զգացի։ Աչքերս բացեցի ու… Արտավազդ Բագրատիչն էր, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Ասաց. «Գայուշ ջան, լավ ես լինելու, չվախենաս». ու իր ասածին երևի ինքն էլ չհավատաց։ Ու փառք Աստծո, որ բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ։ Հավանաբար կողքերս շատ մահճակալներ կային, քանի որ ապարատներին միացված բազմաթիվ սրտերի աշխատանքի ձայներ էի լսում։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես այդ սրտերից մեկի ձայնը հանկարծ տարբերվեց մյուսներից… ուղիղ ու անիմաստ ազդանշան էր, ու բժիշկները վազեցին դեպի այլևս չբաբախող սիրտը։ Սակայն ես ամենաշատը վախենում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա խոսել, արհեստական շնչառության ապարատով ձայն անգամ արձակել հնարավոր չէ։

Կարծում էի, եթե ապրեմ էլ, ընդմիշտ պետք է ապարատին միացված մնամ։ Դժվար էր հավատալ, որ երբևէ կկարողանամ ինքնուրույն շնչել։ Սահմանաբաժանում մնացի ճիշտ տասը օր։ Ես այժմ դողում եմ իմ ամեն օրվա ու ամեն ժամի համար։ Ես հիմա շատ վախեր ունեմ, սակայն կհաղթահարեմ, քանի որ եկել եմ սահմանաբաժանից ու լավ գիտեմ ապրելու արժեքը։ Ու ամենակարևորը՝ ինձ կյանք վերադարձած բժիշկներ, ես բոլորիդ առաջ խոնարհվում եմ, Աստված ձեզ պահապան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *