ՈՒՇԱԳՐԱՎ։ Գտնվում ենք վարակի պիկին. Ես ուղղակի ապշում եմ մարդկանց վրա․․․ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Մեր զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
Կորոնավիրուսով վարակման թվերը մեծանում են: Դրան զուգահեռ սահմանափակումներն են հանվում: Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու առաջիկայում, արդյոք կառավարությունը որդեգրել է հիվանդանալ-լավանալու տարբերակը: Արդեն անխուսափելի՞ է լինելու վարակվելը:

Նույն ճանապարհով ենք գնում, ինչպես ամբողջ աշխարհը: Նոր բան հայերը կարո՞ղ է հորինեն: Ողջ աշխարհում հիվանդության պիկին են հասել ու սկսում է նվազել՝ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում: Ամենաահավոր վիճակում գտնվում էին Իտալիան, Իսպանիան, որտեղ ևս նվազման լուրջ միտումներ կան: Եվրոպական մի շարք երկրներում արդեն գրեթե հատուկենտ դեպքեր են արձանագրվում:

Մեծ Բրիտանիայում է սկսել նվազել վարակի ուժգնությունը: Նույն ճանապարհն էլ մեզ է սպասվում, հիմա ըստ երևույթին գտնվում ենք մաքսիմիալ պիկին, քանի որ, ինչպես հայտարարվեց, երեկ աննախադեպ շատ թեստավորում է տեղի ունեցել՝ 1700-ից ավելի: Ես այդ թիվը կանխատեսել էի, իսկ կանխատեսում անելը բավականին դժվար է: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրների հայտնաբերում:

Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին ու լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների ու հարակից հիվանդություններով տառապող մարդկանց հանդեպ: Մասնավորապես օնկոլոգիական, սրտանոթային, շաքարային դիաբետ ունեցող հիվանդների խնդիրն է կանգնած: Այստեղ է, որ և առողջապահական համակարգը, ու քաղաքացիները պետք է ուշադիր լինեն այս ռիսկի խմբի նկատմամբ:

Մասնավորապես, այստեղ առաջնային բուժօգնության օղակի վրա բավականին լուրջ բեռ է ընկնում, որ ժամանակին կարողանան հայտնաբերել այդ մարդկանց ու բուժման խնդիրները շատ արագ իրականացնեն: Եվ ամենակարևորը, բնակչությունն առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմի առողջապահության համակարգին: Առողջապահության միջազգային կազմակերպության շուրջ ստեղծված աղմուկը, Թրամփի կասկածները ԱՀԿ-ի հանդեպ կհանգեցնե՞ն նրան, որ ԱՀԿ-ն վերափոխվի կամ գուցե բացահայտումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված: Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրեն արդարացնում ԱՀԿ-ն:

Բոլորս տեղյակ ենք, որ այս պահին ԱՀԿ-ի հեռավար վեհաժողովն է ընթանում, և հարյուրից ավելի երկրներ պահանջ են դրել, որ անաչառ քննություն արվի համաճարակի ծագման, տարածման մասին, ամենակարևորը՝ երկրների միջև համապատասխան գործողությունների համատեղությամբ ուսումնասիրություն կատարվի: Քանի որ, եթե դիտարկենք, նոյեմբեր- դեկտեմբերին Չինաստանում դեպքերն արդեն արձանագրվել էին, սակայն ԱՀԿ-ի կողմից ահազանգ և տեղեկատվություն չէր տրամադրվում:

Հետո նոր հունվարի վերջին սկսեցին որոշ տեղեկություններ սփռվել, նոր փետրվարին ԱՀԿ-ն սկսեց հայտարարություններ անել, ասաց՝ ձեռքերը լվացեք, դիմակներ կրեք և այլն: Ուշացումը ակներև էր: Չինաստանն էլ որոշակի փակ երկիր է, և եթե գնանք 50-ականների վերջ, կհիշենք նաև չինական ճնճղուկների պատմությունը: Սկսել էին ճնճղուկներին ու ճանճերին զանգվածաբար սատկացնել, 2 մլրդ-ից ավելի ճնճղուկ սատկացրեցին, հետո տեսան, որ սովի առաջ են կանգնած, որովհետև մորեխները հացահատիկի բոլոր արտերը ոչնչացրել էին: Այսինքն այդ երկրում ինչ ասես կարող է տեղի ունենալ ու մենք չիմանանք:

Այնպես որ, և Չինաստանի, և ԱՀԿ-ի կողմից տեղեկատվության պակաս է եղել: Հետո երբ սկսել է տարածվել, սկսել են զբաղվել, սակայն արդեն ուշ է եղել: Ընդհանրապես, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որին պատկանում է Կովիդ-19-ը, շատ դժվար մեկուսացվող խնդիր է: Սուր աղիքային հիվանդություններն ավելի դյուրին են կառավարվում, քան օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որին մենք ականատես ենք: Իսկ ԱՄՆ-ը, որքան լսեցի տեղեկատվությունից, առանձին քննություն է անցկացնում: Երևի թե միառժամանակ հետո որոշակի տվյալներ կունենանք:

Ես մի բանի մասին եմ ցանկանում խոսել, ինձ մտահոգում են Երևան քաղաքի տարածքում գործող ցայտաղբյուրները: Մենք ձեզ հետ միասին զգուշացրեցինք, որ հանրային սննդի աշխատանքները վերսկսելը ժամանակավրեպ է, պետք է սպասել, չընդունվեց մեր առաջարկը, բացվեցին: Դրա համար տասը օր հետո մենք ունենք հիվանդացության աճ: Հիմա մենք այդ բացվելու պտուղներն ենք քաղում, սակայն ցայտաղբյուրները ևս վտանգ են ներկայացնում:

Մեկը մյուսի հետևից խմում են այդ ջուրը, լվացվում են: Հենց համաճարակի ժամանա՞կ պետք է վերագործարկեին այդ ցայտաղբյուրները: Հետո տարրական խնդիր կա, մերոնք մշակույթ չունեն անցումներում սոցիալական հեռավորություն պահպանելու: Մարդիկ անցումն անցնում են ու սոցիալական հեռավորություն պահպանելու գիտակցություն չկա: Գոնե ցուցանակներ դնեն, մայթի վրա գծեն, տարրական բաներ են, որոնք չեն կատարվում:

Ինչպես է մետրոներում՝ կան ցուցանակներ՝ ընդունեք աջ: Եթե այդպիսի ցուցանակներ լինեն, սոցիալական հեռավորությունը միանգամից առաջանում է: Պետք է ցուցանակների միջոցով մշակույթ սովորեցնել: Բացի այդ, հանրային սննդի հանդեպ վերահսկողությունը բացարձակ բացակայում է: Էլի նույն իրավիճակն է, բոլոր տեղերում նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Ոչ ոք չի մտածում, որ եթե իրենք վարակը թեթև էլ տանեն, իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով մարդիկ կան, մեծահասակ մարդիկ կան, նրանց կուղարկեն գերեզման: Ես ուղղակի ապշում եմ մարդկանց վրա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *