«Համաճարակը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Հատկապես, Երևան քաղաքում բնակարանների գները նվազել են: մասնագետների կարծիքով` վերջին 2 ամիսներին բնակարանների սեփականատերերն ուզում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը,
սակայն գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսյան հիվանդությամբ վարակվելու վախի պատճառով: Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով

բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: ՉԷ որ սահմանները փակ են, ու զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստանի Հանրապետություն: Իսկ ինչպես հայտնի է, մեր պետության այցելող զբոսաշրշիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:
«Ժողովուրդ» օրաթերթին հանյտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիսին 668.000 դրամ էր, իսկ հունիս ամսին` 662.000 դրամ: Այսինքն` 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500

դրամ, այստեղ մեկ քմ-ն մայիս ամիսն արժեցել է 463500 դրամ, հունիսին` 460.000 դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է մյուս վարչական շրջաններում նույնպես: Օրինակ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա մեջ 335.000 դրամից էժանացել է` Լինելով 331.100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ»,-գրում է թերթը։