Երբ գարուն կտեսնենք. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

ՀՀ-ում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա ու ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության ու

մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, բայց չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը: «Մարտի տասնհինգին հանրապետության ամբողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը

պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, անգամ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի տասնվեցին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային ու կենտրոնական

շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում ու Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի տասնյոթին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի տասնութին կեսօրից հետո ՀՀ-ին է մոտենում

հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա հինգ օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով»,- նշեց Գագիկ Սուրենյանը։ Նա նկատեց, որ 2021թվականի մարտը ևս աչքի էր ընկել առատ տեղումներով ու ջերմաստիճանի վայրիվերումներով, բայց այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքն ու ձյան առատ տեղումները բավականին տևական են։

Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, բայց, այս պահին բնությունը փոխհատուցում է։ Ինչպես շատերը, Գագիկ Սուրենյանը ևս սպասում է գարնանը, քանզի այն իր ամենասիրելի եղանակն է: «Ես սիրում եմ գարունը, քանզի գարունը համարում եմ կյանքի վերսկսում։ Գարնան 1-ին ամպրոպն իմ տարերքն է, անչափ սիրում եմ»,-նշեց Գագիկ Սուրենյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *