Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մասին

Ամբողջովին կիսում եմ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այսօր մեկնաբանություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

1. Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ ու վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության մասին։

Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն ու առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև։

2. Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։

3. Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչև այսօր ՀՀ կառավարությունն և ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով։ Սա կարևոր արձանագրում է։

4. Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա մասին, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին։

5. Համազեկուցողներն ընդգծել են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է։

6. Համազեկուցողները նշում են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի Հայաստանում արդեն իսկ սկսված և պլանավորված բարեփոխումների ընթացքը։

Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։ Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, ու վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»,-նշել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *