Աղոթքի ժամանակ խաչի վրա նստած աղավնու տեսարանը բավական քննարկվեց նաև սոցիալական ցանցերում` շատերը նշում էին, որ այն նշան է։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Մայր Աթոռում կատարված Հանրապետական մաղթանքի ընթացքում շատերի ուշադրությունն է գրավել ամբողջ ընթացքում խաչի վրա նստած աղավնին։
Երեկ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։
YouTube–ի օգտատերերից մեկը` Արսեն Հարեյանը, տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է աղավնին նստած մնում խաչի վրա աղոթքի ընթացքում։
«Հետաքրքիրն այն էր, որ աղավնին սպասեց, մինչև արարողության ավարտն ու հենց աղոթքն ավարտվեց, այդ պահին թռավ: Աղավնին Աստվածաշնչում խորհրդանշում է հավատարմություն, որ բարի լուր բերեց Նոյին (Ծն. 8:11), այն նաև խորհրդանշում է Աստծո Սուրբ Հոգին, որ աղավնապես իջավ Տեր Հիսուսի վրա, նրա մկրտության ժամանակ (Ղկ. 3:22): Սա լավ նշան է և հույս է տալիս բոլորիս»,– գրում է Հարեյանը։