Կրտսեր սերժանտը բոլորովին միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ

Ռազմիկ Գասպարյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկ Գասպարյանը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ․

Այդ ընթացքում ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին:

Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին և միայնակ մարտի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց։

Հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է ինձ շփոթեցնել ու գերի վերցնել․ նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին․ «Արի՛, ախպե՛ր»․․․ Ես հարցրի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա։

Թաքստոցից նկատել եմ, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն ինձ նշանառության տակ է վերցրել ու այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների եմ դիմել․ միանգամից վերցրեցի զենքս և նրանցից մեկին խփեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին եւ հեռացանք:

Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա, թե որտեղ եմ եւ այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկեցնել։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Գասպարյանը հիշում է Ապրիլյան քառօրյա պատերազմի դաժան օրերը և նշում․

Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչև վերջին կաթիլը մնացել էին խրամատի մեջ: Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի տարածք, սակայն մերոնք խփել էին, տեխնիկան թողել, գնացել էին: Գիշերը մտանք «Ուրալ»-ը բերեցինք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *