Նիդեռլանդցի եւ գերմանացի գիտնականներին հաջողվել է սինթեզ անել փորձարարական մոնոկլոնալ հակամարմինը, որը կարող է լաբորատոր պայմաններում հաղթահարել SARS-CoV-2 կորոնավիրուսը։ Սրա մասին ասվում է գիտնականների հետազոտության մեջ։
Ասվում է, որ Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներն իրենց նշանակությամբ նման են այն սպիտակուցներին, որոնք արտադրում են մարդու իմունային բջիջները։ Դրանք փնտրում ու գտնում են պաթոգենի որոշակի հատվածները և ներգործում հենց դրանց վրա։
Գիտափորձերի ժամանակ 47D11 նոր հակամարմինն արդյունավետ է եղել ոչ միայն SARS-CoV-2 վիրուսի դեմ պայքարում, այլ նաև դրան նախորդած SARS-CoV-ի դեմ, որը ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի հարուցիչ է համարվում։ Այս հակամարմինը թիրախավորում է սպիտակուցային «փշերը», որոնք կորոնավիրուսներին թագի տեսք են հաղորդում եւ թույլ են տալիս ներթափանցել մարդու բջիջների մեջ։
Դա նշանակում է, որ այն կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի տարբեր տեսակների պայքարի համար։ Հակամարմինների ստեղծման նպատակով օգտագործվել են գենետիկորեն ձևափոխված մկներ։ Երբ ակնհայտ դարձավ, որ 47D11-ը չեզոքացնող ակտիվություն է ցույց տալիս, մասնագետները որոշեցին այն փոփոխել եւ ստեղծել այնպիսի հակամարմին, որը հարմար կլինի նաև մարդկանց օրգանիզմին։
Նոր հակամարմինը դեռ պետք է կլինիկական փորձարկումներ անցնի, ու ստացված արդյունքների հաստատման ընթացքում այն կթեստավորվի նաև կենդանիների եւ մարդկանց վրա։ Այժմ այս հակամարմինը չի կարելի օգտագործել բժշկության մեջ, սակայն հետագայում այն կարող է օգնել կանխել վարակումը ու բուժել արդեն իսկ կորոնավիրուսով վարակված հիվանդներին։