Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում քննարկման ժամանակ արել է Արցախի հարցին ու այսպես ասած կարգավորման գործընթացին վերաբերող որոշ ուշագրավ հայտարարություններ, ազդարարելով, որ Հայաստանի Հանրապետության դիրքը ամուր է, ինքը հանգիստ է այդ առումով ու չի լինելու 2016-ի քառօրյա, չի լինելու 1991-94 թվական: Արտգործնախարարը նկատի ունի թերեւս առաջին պայքարը:
Փաստացի, նա հայտնել է, որ չի լինելու պսյքար, սակայն ոչ այն պատճառով, որ Ադրբեջանը դարձել է ավելի զուսպ, մարդասեր, այլ քանի որ Երեւանը դրել է նշաձողեր, սահմանել կարգավիճակի և անվտանգության համակարգի անբեկանելի առաջնահերթություններ: Դրանք ստեղծում են միջավայր, ուր ադրբեջանական հնարավոր ագրեսիան, ռազմատենչությունը ոչ թե լեգիտիմանում է, այլ հակառակը՝ հայտնվում են ապալեգիտիմ միջավայրում:
Այդ առնչությամբ, հիմնարար նշանակության հայտարարությունը հնչել է դեռ 2018-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում իր առաքելությունն ավարտում էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, որն իր հրաժեշտի հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ հայ ժողովուրդը չի ուզում հող հանձնել: Միլզը հայտնել էր, թե 25 տարի իրենց մոտ ձեւավորել են հակառակ տեսակետ:
Թե ով է ձեւավորել այդ տեսակետը, Միլզը չէր նշել, թեւեւ դժվար չէ կռահել՝ նրանք, ովքեր այդ 25 տարիներին բանակցել և նաեւ այլ հարցերով պաշտոնապես հաղորդակցվել են Նահանգների, ու այլ դիվանագիտական օղակների հետ:
Ավելին, պետք չէ բացառել նաեւ այն, որ այդ համոզումը ձեւավորելուն նպաստել են նաեւ Հայաստանի Հանրապետության համար այսպես ասած «պատասխանատու» կենտրոնները, մասնավորապես Մոսկվան, որտեղից հնարավոր է համանախագահ մյուս երկրներին հավաստիացրել են, որ «տարածքների հանձնման» հարցի լուծումը իրենք ունեն:
2016 թվականի ապրիլյան քառօրյան, իր ռազմա-քաղաքական լեգիտիմության հասունացան ու ձեւավորման 3-4 տարիների, այդ թվում Հայաստանի ներքաղաքական կյանքի դերակատարներ ներգրավող գործընթացով, թերեւս այդ լուծման փորձն էր, ինչը բայց ձախողվեց հայկական բանակի ինքնիշխան դիմադրությանը բախվելուն պես: 2016 թվականի քառօրյան ցույց տվեց, որ հայ ազգն իրավացի է իր դիրքորոշման հարցում, շարունակել էր ԱՄՆ հեռացող դեսպան Միլզը:
Սերժ Սարգսյանը վերջերս փաստացի հայտնել էր, որ ապրիլյան քառօրյայից սպասումներ է եղել, որ Հայաստանն օգնության համար պետք է դիմեր համանախագահներին, ինչից այնց պետք է պարտադրվեր այսպես կոչված փուլային տարբերակը: Սարգսյանը ուղղակի չէր մանրամասնել, որ խոսքը Ռուսաստանի մասին է, որի արտգործնախարարն մինչ օրս խոսում է այդ տարբերակի մասին:
Քառօրյայի տարելիցի կապակցությամբ հայտարարություն արեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հիմնարար դասն այն էր, որ նոր սերունդը նախորդից ոչ պակաս, ու թերեւս առավել հաստատակամ է իր հայրենիքը պաշտպանելու հարցում:
Հարց, որն առանցքային է միջազգային անվտանգության համակարգի համատեքստում։
Հայկական ինքնիշխան պաշտպանության հաստատակամությունն է, որ միջազգային ռազմա-քաղաքական անվտանգության համակարգում ապալեգիտիմացնում է Ադրբեջանի ռազմատենչությունը, ու դրա հետ կապված որևիցէ փուլային թե փաթեթային պլան:
Այստեղ է հենց հարաբերական խաղաղության ու պայքարի երկարաժամկետ զսպման բանաձեւը: Ըստ այդմ, ծագում է պարզ խնդիր՝ ովքե՞ր են, որ այստեղ չեն դադարում խաղալ կասկած հարուցելու վրա: